Թուրքիայի Հաթայ նահանգի Բելեն շրջանում բռնկված անտառային հրդեհի մարմանը մասնակցում են 9 ինքնաթիռ, 21 ուղղաթիռ և 375 մարդ, հայտնել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։
«Հաթայ-Բելեն շրջանի անտառային հրդեհը մարելու համար ուղարկվել է 9 ինքնաթիռ, 21 ուղղաթիռ, 59 ցամաքային մեքենա և 375 անձնակազմ: Մեր թիմերի արդյունավետ միջամտությունն օդից և ցամաքից շարունակվում է անխափան»,- նախարարի խոսքերն է մեջբերում Star թերթը։
Հաթայ նահանգի նահանգապետ Մուստաֆա Մասաթլին իր հերթին պետական Anadolu գործակալությանը հայտնել է, որ շրջանի բնակիչները տարհանվել են։