ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է «Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհել «ազգային» կարգավիճակ:
Նախագիծը մշակվել է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թատրոնը հիմնադրվել է 1935 թվականին: Ավելի քան ութ տասնամյակ թատրոնը հայ մանուկներին ներկայացրել և տարածել է տիկնիկային արվեստը: Թատրոնում մշտապես ներկայացված են հայ հեղինակների՝ Հ. Թումանյանի, Դ. Դեմիրճյանի, Ղ. Աղայանի, Ստ. Լիսիցյանի, այնպես էլ ժամանակակից հայ դրամատուրգների, ինչպես նաև համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններ:
Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա են գտնվել ավելի քան 5.000.000 հանդիսատես։ Թատրոնը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը՝ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Թատրոնը շատ ակտիվ շրջագայում է՝ հյուրախաղային գործունեություն ծավալելով արտերկրում, Հայաստանի մարզերում և Արցախի Հանրպետությունում:
Ընդգծվում է այն փաստը, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնը էապես բարձրացրել է տիկնիկային արվեստի որակը, հայ տիկնիկային արվեստի ներկայացվածությունը միջազգային հարթակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել համայնքային թատրոններին, էապես նպաստել է տիկնիկավարների դպրոցի կայացմանը: Այս ամենին զուգահեռ, ի հավելումն իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությանը, թատրոնը առաջիններից էր, որ լիարժեք հնարավորություններ է ընձեռեց երիտասարդ մասնագետների ինքնադրսևորմանն ու կատարելագործմանը, փորձարարական-նորարարական պրոցեսների ձևավորմանը: