59-ամյա Արամ Մելքոնյանն արդեն երկու անգամ ինքնասպանության փորձ է արել:
Առաջին անգամ Արամը միտումնավոր միացրած է թողել գազը, իսկ երեկ նա զանգահարել է ԱԻՆ և ասել, որ պատրաստվում է ինքնասպան լինել: ԱԻՆ-ի, Շտապ օգնության և Ոստիկանության աշխատակիցները նրան հայտնաբերել են ձեռքի երակները վնասած վիճակում: Արամին հաջողվել է փրկել:
«Կյանքս այսպես դասավորվեց. մենակ եմ ապրում. ես ընդհանրապես գիժ չեմ. բոբո չեմ: Ես առողջ մարդ եմ, երբ չեմ խմում: Ես կտամ, կկարդաք ու ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի»:
Armlur.am-ի թղթակցին Արամ Մելքոնյանը ցույց տվեց իր կողմից 2005 թվականին գրված նամակը ` ուղղված նախկին կնոջը: Կնոջ անունն ամբողջ զրույցի ընթացքում նա չէր արտաբերում. այն ժամանակ, երբ մեր թղթակիցը փորձեց ճշտել կնոջ անունը, Արամը հայացքը փակեց և հազիվ լսելի ձայնով պատասխանեց. «Ռուզան»….
Ֆրիդրիխ Նիցշեի մեծ երկրպագուն է, անգամ նրա տողերից ոգևորված ինքն էլ է ստեղծագործում. «Իմ գերեզմանին դու չմոտենաս, իմ դագաղին դու լաց չլինես, իսկ թե ինչու, գնա կարդա, Ֆրիդրիխ Նիցշեն կասի քեզ դա» ` նրա տողերն են ` ուղղված նախկին կնոջը:
Արամն ու Ռուզաննան ամուսնացել են 1978 թվականին: Քաղցր էին միայն առաջին 13 տարիները, հետո ամեն ինչ փոխվեց:
«Նախքան նրան հանդիպելը, ընկերություն էի անում մի հեզ ու համեստ աղջկա հետ, ով նույնիսկ ձեռքը չէր թողնում բռնեի: Բայց եկավ այդ չարագույժ օրը. նրա ընկերուհին ինձ ասաց, թե ընկերուհի՜ս ուզու՜մ է քո հետ ծանոթանա: Արդար չի՞, չէ՞. ինքը էկավ, ինքը ուզեց, ինքը գնաց……. Ուրախությունս թոռնիկս է. 6 տարեկան է. դպրոց է գնում. բայց ինձ տեղը չեն ասում. կարող է գնամ ուտեմ (քմծիծաղ է տալիս): Աղջիկս ու տղաս ատում են ինձ, տանել չեն կարողանում: Ամաչում եմ նունիսկ նրանց գրած էսէմէսները կարդամ: Մի անգամ գրեցի, որ պատրաստվում եմ ամուսնանալ, տղաս պատասխանեց, թե եթե էտ տուն ուրիշը ոտք դնի, լավ չի լինի ձեզ համար»,- խոհուն հայացքով իր կյանքի պատմությունը պատմեց Արամը, շատերի համար սովորական, շատերի համար գուցեև դժվար կյանքի պատմություն: Արամի համար անհասկանալի է միայն մի բան ` հանուն ինչի ապրել, ինչպես դիմանալ ու ինչու դիմանալ:
Լուսանկարում Արամն ու Ռուզաննան են իրենց երեխաների հետ:
2004 թվականին Արամն իմանում է, որ կինը դավաճանել է իրեն. սա էլ հանդիսանում է մահացու և կործանիչ պատճառը: Լուրջ խնդիրներ երեխաների հետ, դատապարտվածություն ` թոռանից հեռու ապրելու, և….. միայնակ կյանք:
Թերթելով նրանց համատեղ կյանքի լուսանկարները ` տեսնում ենք երջանիկ, գեղեցիկ, անհոգ դեմքերի ` կյանքի հանդեպ լցված մեծ սիրով ու հավատով. բայց… երկար չտևած…
«Ես հարազատներ չունեմ: Անգամ մի օր գնացի Լուսակերտ, որտեղ եղբայրս ու մայրս են ապրում, բայց դուռը չբացեց: Ասումա ` քե՞զ պահեմ, թե՞ մամային: Բայց ես չէի խնդրում ինձ պահել: Ինձ միայն պետք էր գիշերելու տեղ: Երեկ էլ եկել էր ոստիկանություն, ասում եմ ` ինչի՞ ես եկել, բա մինչև հիմա ու՞ր էիր: Ոչինչ չասեց»,- վերհիշում է Արամը:
Նրան ապրելու համար պետք է միայն մեկ բառ` «Ներողություն»…
Լուսանկարներն` Armlur.am -ի
Տաթև Հարությունյան