ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎԵՑ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉՀԱՂԹԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրությունները: Ավելի ուշ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ որեւէ ուժ չի հաղթահարել 50 տոկոսը, այսինքն՝ չի կարող միանձնյա քաղաքապետ ընտրել: «Ժողովուրդ» օրաթերթը ընտրության արդյունքների առաջացրած ներքաղաքական ու արտաքին քաղաքականության մեջ հավանական խնդիրների, կոալիցիա կազմելու հավանականության, արտահերթ ընտրությունների գնալու եւ հավանական այլ ելքերի մասին զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

 

-Պարո՛ն Բաղդասարյան, ներքաղաքական ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել քաղաքապետի ընտրությունների այսպիսի արդյունքները:

-Դա կախված է նրանից, թե ով կընտրվի, ի վերջո, քաղաքապետ: Եթե փորձենք տաք հետքերով ամփոփել ընտրության արդյունքները, ապա կարելի է ասել, որ դրանք ցույց տվեցին, որ իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, պարտվեց, բայց ընդդիմությունը չկարողացավ հաղթել: Այսինքն՝ ընդդիմությունը չկարողացավ հաղթել մի ուժի, որի օգտին քվեարկել է քաղաքացիների շատ չնչին տոկոսը: Ամենայն դեպքում, հավանականությունը որ ընդդիմությունը կկարողանա քաղաքապետ ընտրել, շատ քիչ է՝ գրեթե զրոյական: Հետեւաբար դեռ վաղ է ասել, թե ՔՊ-ն կորցնում է քաղաքապետի պաշտոնը: Տարբեր սցենարներ կարող են լինել. օրինակ՝ իշխող ուժը կարող է մեկ-երկու հոգու իր կողմը քաշել ընդդիմությունից, եթե չկարողանան ձեւավորել կոալիցիա՝ ընդդեմ ՔՊ-ի, իսկ տպավորությունը հենց այդպիսինն է: Այս պարագայում որեւէ մեկը քաղաքապետ չի ընտրի, քաղաքապետի պաշտոնակատարով կամ այլ մեխանիզմներով այս իրավիճակը կլուծվի: Ամեն դեպքում, հավանականությունը մեծ է, որ քաղաքապետի թեկնածուն իշխող ուժի ներկայացուցիչը պետք է լինի:

Այլ հարց էր, որ սա լուրջ քաղաքական ապտակ էր ներքաղաքական կյանքում այն առումով, որ, այո՛, հնարավոր է ընտրություններով փոփոխության հասնել ներքաղաքական կյանքում: Պարզ ասած, ընտրություններին ՔՊ-ի անպարտելիության փուչիկը պայթել է:

-Պարո՛ն Բաղդասարյան, ասում են, որ Մարությանը «ռուսական ֆիգուր է»: Եթե ընդդիմադիր ուժերը կոալիցիա կազմեն Մարությանի հետ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն կամ հետեւանքներ կունենա ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում:

-Ես «եթե»-ներով չեմ ուզում առաջնորդվել, որովհետեւ վստահ եմ, որ այդպիսի կոալիցիա չի ձեւավորվի, քանի որ ներկայացված են երեք այնպիսի ուժեր, որոնց միջեւ կան մի շարք տարաձայնություններ, եւ իրենց միջեւ ձեւավորված կոալիցիան ես բացառում եմ: Դրա համար էլ ասում եմ, որ իշխող քաղաքական ուժը  պարտվեց, բայց ընդդիմությունը չհաղթեց:

-Իսկ այս ընտրությունները արտաքին ինչպիսի՞ վտանգներով են հղի Հայաստանի համար:

-Այստեղ ես կապ չէի ցանկանա տեսնել, ինչքան էլ որ քաղաքական տարբեր ուժեր  փորձում էին արտաքին քաղաքական հետքը  կամ ճնշումները կարեւորել, բայց  դա ուներ քարոզչական նպատակներ միայն: Ուղիղ կապ այստեղ չկա: Միակ միջնորդավորված կապը կարող էր լինել այն, թե արդյոք հնարավոր էր իշխանափոխություն՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններով պայմանավորված:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՈՒԺԵՐԸ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԿԱԶՄԵ՞Ն

«Հանրապետություն» կուսակցությունը չի բացառում հետընտրական կոալիցիան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ ընդդիմադիր ուժերի հետ՝ բացառությամբ «մերձդաշնակցական» եւ «ռոբասերժական» ուժերի:

 

Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, երեկ տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել են 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգային առաջընթացը», «Հանրապետությունը», «Հանրային ձայնը» եւ «Մայր Հայաստան» դաշինքը:

Այս ուժերից որեւէ մեկը, սակայն, չի հավաքել 50 եւ ավելի ձայն, ուստի չի կարող միանձնյա քաղաքապետ ընտրել. անհրաժեշտ է կոալիցիա կազմել:

«Մայր Հայաստան» դաշինքը եւ «Հանրային ձայն»-ը հայտարարել են, որ բացառում են կոալիցիան իշխող ուժի հետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը դեռ «լռում է»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ցուցակի անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ դեռ հետընտրական կոալիցիա կազմելու հարց չեն քննարկել, բայց չեն բացառում կոալիցիան  ՔՊ-ի կամ ընդդիմադիր ուժերի հետ.

«Մենք վստահ էինք, որ երեւանցին այնպիսի գիտակից ընտրություն կկատարի, որ Արտակ Զեյնալյանը 50+ ձայնով կընտրվի քաղաքապետ, եւ կոալիցիա կազմելու հարց չենք քննարկել, բայց կարող եմ ասել, որ բացառում ենք կոալիցիան «մերձդաշնակցական» եւ «ռոբասերժական» ուժերի հետ, նաեւ այն ուժերի հետ, որոնք Հայաստանը տեսնում են Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակում: Այլ ուժերի հետ կոալիցիայի հարց չենք քննարկել»,- ասաց նա:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն էլ հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում հանդես կգա հայտարարությամբ։

Այս մասին ԶԼՄ-ին հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը՝ նշելով, որ շուտով ամեն բան պարզ կլինի:

Հիշեցնենք, որ ընտրությունների վերջնական արդյունքներով՝ «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 9.68%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18.89%, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15.43% ձայն:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի եւ «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թեւանյանի հետ։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԻՐԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

2023 թվականի սեպտեմբերի 8-ից 10-ը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան՝ մասնակցելու ավազի եւ փոշու փոթորիկների դեմ պայքարի միջազգային համաժողովին։ Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաեւ Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման եւ իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։ Այսինքն՝ պայմանավորվել են Արաքսին վերաբերող բնապահպանական խնդիրները լուծել միասին։ Այո՛, թվում է, թե հենց այդպես էլ պիտի լիներ, սակայն կա մեկ բացթողում. ինչպե՞ս է Հակոբ Սիմիդյանը քննարկումներ կատարում ավազի եւ փոշու փոթորիկների դեմ պայքարի վերաբերյալ, երբ Հայաստանում փոշու փոթորիկներ երբեւէ չեն գրանցվել։ Իհարկե, Հայաստանն այժմ կանգնած է ոչ թե փոշու փոթորիկի ռիսկերի, այլ փոշու ամպերի պատճառով բնապահպանական եւ առողջապահական լուրջ խնդիրների առաջ։ Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում մեծ թափով ավելացել են նորակառույցները, որոնք հանգեցրել են լուրջ խնդիրների։ Եթե որոշ ժամանակ առաջ Երեւանի ցանկացած հատվածից կամ բարձրահարկ շենքերից արեւածագից մինչեւ մայրամուտ երեւում էր Արարատ լեռը, ապա այսօր, բացի սպիտակ ամպերից, ոչինչ չենք տեսնում։ Սրա պատճառը բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերած անլրջությունն է, մետաղի ջարդոն ավտոմեքենաների փոխարեն, շինթույլտվություններ բաժանելն է, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը։ Երեւանում փոշու աղտոտվածության մակարդակը 2022 թվականին՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հուլիս եւ դեկտեմբեր ամիսներին, մի քանի անգամ հատել է կարմիր գծի շեմը։ Սա՝ միայն Երեւանում. Ծաղկաձոր, Աբովյան եւ այլ քաղաքներ եւս ընդգրկվել են բնակարանաշինության խոշոր ծրագրերում, եւ վաղեմի զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորը վերածվել է մեծ շինհրապարակի։ 2022 թվականին փոշու աղտոտվածությունը 31%-ով գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հավելենք նաեւ, որ վերջին տարիներին Շրջակա միջավայրի նախարարությունը փոշու աղտոտումը վերահսկելու համար ոչ մի գնում չի կատարել։ Հաջորդ բացթողումը. ինչպե՞ս է ստացվում, որ Արաքս գետի բնապահպանական խնդիրները լուծելու համար Սիմիդյանը հանդիսավոր գործուղվում է Իրան, իսկ Սեւանա լիճ լցվող գետերի, կոյուղաջրերի խնդիրները «հանդիսավորությամբ» նույնիսկ աչքի չեն անցկացնում։ Հայաստանում աստիճանաբար նվազող ջրային ռեսուրսների եւ եղանակային փոփոխությունների պատճառով Սեւան լցվող 28 գետ ու գետակների մի մասը սակավացել կամ ուղղակի ցամաքել է։ Հասկանալի է Արաքս գետի նշանակությունը Հայաստանի համար, սակայն առերեւույթ խնդիրները բարձիթողի վիճակում են։ Սեւան լցվող գետերի հոսքը դանդաղել է, ինչի պատճառով էլ ռիսկային է դրանց ճահճացման խնդիրը, այնինչ շրջակա միջավայրի նախարարը ճամփորդում է քննարկումների անվան տակ:

 




Լրահոս