ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձեւ, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաեւ վերանայել համագործակցության զարգացումը եւ նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բանաձեւին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։ Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին եւ անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների եւ մարդու իրավունքների խախտումների համար»:

Պատգամավորները կոչ են անում «արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը անկեղծ պատրաստակամություն չի ցուցաբերել հարգելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Հակառակ դեպքում, պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին եւ անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու եւ այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։

Եվրախորհրդարանը անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն «նվազեցնի կախվածությունը Ադրբեջանի գազից», իսկ Բաքվի եւ Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում «իսպառ դադարեցնի նավթի եւ գազի ներմուծումը» Ադրբեջանից։

Պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին «աշխատել ապահովելու միջազգային երաշխիքներ այն հայերի անվտանգությունն ապահովելու համար, որոնք դեռեւս շարունակում են ապրել ԼՂ-ում, ինչպես նաեւ վերականգնել հումանիտար ամբողջական մուտքը տարածաշրջան» եւ էապես ավելացնել մարդասիրական օգնությունը։

Եվրախորհրդարանը «հիասթափություն է հայտնում» Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի առաջին առաքելության աշխատանքի կազմակերպման կապակցությամբ եւ կոչ է անում «Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն հաստատել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»։

Փաստաթղթում պատգամավորները քննադատում են Եվրահանձնաժողովին եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ անտեսելու Եվրախորհրդարանի նախազգուշացումը «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի բացասական զարգացման մասին», ինչպես նաեւ այն փաստի համար, որ «նրանց գործողությունները դեռեւս չեն հանգեցրել որեւէ դրական արդյունքի»։ Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին եւ նրա անդամ երկրներին «անհապաղ վերանայել ԵՄ դիվանագիտական եւ անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

«Եվրախորհրդարանը հիշեցնում է Ադրբեջանին, որ ինքը կրում է ամբողջ պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության եւ բարեկեցության համար, խնդրում է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ համապատասխան միջազգային կոնվենցիաների, միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների սկզբունքների… Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է բանաձեւում։

Պատգամավորները նաեւ կոչ են արել Բաքվին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղից ձերբակալված բոլոր հայերին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին։

 

 

ԼԱՐՍԸ ՓԱ՞Կ Է

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգ է ստանում, որ Լարսի անցակետում հայերին թույլ չեն տալիս անցնել Ռուսաստանի սահմանը։ Քաղաքացիները կարծում են, որ սա ռուսական կողմի վրեժն է Հայաստանի հակառուսական հայացքների պատճառով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ պատճառը Լարսի անցակետում կանգնած հայկական կոնյակով բարձված բեռնատար մեքենաներն են, որոնք Ռուսաստանը կանգնեցրել է կոնյակի որակը ստուգելու համար։

 

Մենք կապ հաստատեցինք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանի հետ, որը պարզաբանեց. «Ոչինչ չեմ կարող ասել, խնդիրը մեր տիրույթում չէ, այն լոգիստիկ խնդիր է։ Մեքենաներ կուտակված չկան, կուտակված են միայն  կոնյակով բեռնված մեքենաները։ Նրանք այդ մասին պարզաբանել են»։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ պատճառը ռուսական կողմը հայտնել է. ստուգումներ են իրականացնում՝ կոնյակի որակի հետ կապված։  Նրա հայտարարությունից առաջ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը նշել էր, որ խոսքը Հայաստանից Ռուսաստան գնացող կոնյակով բեռնված շուրջ 60 բեռնատարի մասին է։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ

Կառավարությունը հոկտեմբերի 5-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով վերանայվում է դպրոցներում եւ արտադպրոցական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ նվազեցնելով դրանք եւ այդպիսով աշխատաժամանակ ազատելով ուսուցչի մյուս կարեւոր անելիքների համար, որոնք էական ազդեցություն ունեն կրթության որակի վրա:

«Ներկայումս ուսուցչի շաբաթական մեկ դրույք ծանրաբեռնվածությունը կազմում է 22 դասաժամ: Բացի այդ, հանրակրթության նոր պետական չափորոշչով՝ տարրական դասարաններում միավորային գնահատման համակարգը չի գործում, եւ ուսուցիչները մեծ ժամանակ պետք է հատկացնեն ձեւավորող գնահատման մեթոդներով սովորողների հետ աշխատելու համար: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է 1-4-րդ դասարաններում դասավանղ ուսուցիչների համար շաբաթական դասավանդման ժամերը սահմանել մեկ դրույքի համար 18 ժամ, իսկ 5-10-րդ դասարաններում՝ 20 ժամ»,-ասաց նա: Նախարարը հավելեց, որ սա կհանգեցնի տարրական դասարանների ուսուցիչների մեկ դրույքի  վարձրատրության, ըստ էության, 20 տոկոս աճին, 5-10 դասարաններում՝ 10 տոկոս աճին:

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 29-ին նիստ է անցկացրել Տավուշի մարզում անտառային եւ բուսածածկ տարածքների հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հետ, քննարկվել են անտառային հրդեհների, փայտածուխի արտադրման հետ կապված հարցեր։ Սեպտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետին տեղեկատվական հարցում է  ուղարկել, թե  մարզում փայտածուխի քանի արտադրամաս է գործում, դրանիցից քանիսն են համապատասխանում բնապահպանական եւ հակահրդեհային կանոններին։ Սեպտեմբերի 18-ին մարզպետարանից  ստացված պատասխանում  նշված է. «Մարզում գործում են փայտածուխի արտադրամասեր, որոնց թիվը հստակ չենք կարող ասել, քանի որ ամենօրյա փոփոխությունների են ենթարկվում՝ կապված գործունեության դադարեցման հետ։ Այն արտադրամասերը, որոնք չեն համապատասխանում բնապահպանական եւ հակահրդեհային կանոններին, ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։ Սեպտեմբերի 22-ին նոր հարցում ենք ուղարկել մարզպետ Հ. Ղալումյանին՝ խնդրելով հայտնել մարզում գործող փայտածուխի արտադրամասերի թիվը կոնկրետ օրվա՝ 2023թ. սեպտեմբերի 22-ի դրությամբ։ Մարզպետարանից ստացել ենք նախկինում տրված նույն անորոշ պատասխանը. «Մարզում գործում են փայտածուխի արտադրամասեր, որոնց թիվը հստակ չենք կարող ասել, քանի որ ամենօրյա փոփոխությունների են ենթարկվում՝ կապված գործունեության դադարեցման հետ։  Այն արտադրամասերը, որոնք չեն համապատասխանում բնապահպանական եւ հակահրդեհային կանոններին, ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։

Մարզպետ Հայկ Ղալումյանը ինչո՞ւ է թաքցնում մարզում գործող փայտածուխի արտադրամասերի թիվը, դրանց քանակը չհայտնելն արդարացնում այն բանով, թե, իբր, ամեն օր դրանց թիվը փոխվում է։ Եթե հավատանք մարզպետի ասած անհեթեթությանը, թե, իբր, փայտածուխի արտադրամասերի քանակն ամեն օր փոխվում է, մարզպետը ինչո՞ւ չի նշել կոնկրետ օրվա՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ դրանց թիվը։ Իջեւան քաղաքում խոսակցություններ են տարածված, որ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանը որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշ մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը կապված է մարզում անտառտնտեսությունների տնօրենների, մարզում փայտի բիզնեսի հետ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս