«Ինձ մոտ ոչ ոք չի կարող շշկռվել»․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների: Նրանք, նախնական տվյալներով, մեղադրվում են խոշոր չափերի յուրացման մեջ:

ArmLur.am-ը այս առիթով զրուցել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանի հետ:

-Պարո՛ն Մխիթարյան, մինչ պաշտոն ստանձնելը, տեղյակ էի՞ք՝ ինչ է կատարվում վարչական շրջանում, տեղյակ է՞իք՝ ինչ «ժառանգություն» եք ստանում:

-Բացարձակ տեղյակ չեմ եղել, նոր եմ սկսում ծանոթանալ, դա իմ խնդիրն էլ չի, իրավապահ մարմինները երևի լրացուցիչ հայտարարություններ կանեն:

-Պարո՛ն Մխիթարյան, իսկ կատարվածին ի՞նչ գնահատական կտաք, փաստացի Մալաթիա վարչական շրջանի ղեկավարությունը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ: Իսկ ի՞նչ եք անելու, որ վերահսկեք իրավիճակը, որպեսզի ձեր պաշտոնավարման ժամանակ նման խախտումներ չլինեն:

-Ես երկուշաբթի օրվանից, երբ անցնեմ իմ բուն պարտականություններին, կհասկանեմ՝ ինչ է կատարվում, ինչ է սպասվում, իրավապահների կողմից ինչ ընթացք է տրվում։ Ըստ դրա, եթե անհրաժեշտություն լինի, կկատարեմ անհրաժեշտ փոփոխություններ։ Ամեն դեպքում՝ վարչական շրջանի աշխատակազմի աշխատանքները չեն դադարելու, նորմալ շարունակվելու են:

Միանշանակ, կանխելու եմ, ես իմ ամբողջ կյանքը ծառայել եմ հայրենիքին և այդպես շարունակելու եմ։ Ինձ մոտ ոչ ոք չի կարող շշկռվել ու ինչ-որ խախտումներ անել:

-Եթե վարչական շրջանի աշխատակիցները, որոնք նույնպես մեղադրվում են գումար յուրացնելու մեջ արդարացվեն ու վերադառնան, շարունակելու՞ եք նրանց հետ աշխատել:

-Ես այսօր հանդիպել եմ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների հետ և ասել եմ՝ նա ով իմ աշխատելաոճին, իմ տեմպին ու իմ մաքրությանը կդիմանա, նորմալ կաշխատի, կշարունակենք իրար հետ աշխատել, ով չէ՝ կարող է հեռանալ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս