ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցվել են։
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցվել են։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 12-ին գրել էր․
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը եւ նրա ընկեր, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը քաղաքական հաշվեհարդար են տեսնում դատավորների հետ: ՔՊ-ի հետ չհամագործակցելու համար քաղաքապետի թեկնածուներից մեկի փեսային փաստացի ստիպել են ազատման դիմում գրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս Կարեն Անդրեասյանը եւ Գրիգոր Մինասյանը փաստացի (ճնշման տարբեր օղակներ գործի դնելով) ստիպել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, որպեսզի աշխատանքից ազատման դիմում գրի կամավոր: Պատճառը Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն է:
Պարզվում է՝ այս ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր օղակներով փորձում է հնարավոր թեկնածուների հետ հանդիպել, խոստումներ ստանալ, թե ընտրություններից հետո արդյոք պատրաստվում են ՔՊ-ի հետ կոալիցիա-դաշինք ձեւավորել եւ քաղաքապետ ընտրել ՔՊ թեկնածուին: Վիկտոր Մնացականյանը քանի որ կտրուկ մեժել է համագործակցությունը ՔՊ-ի հետ, նրա փեսային՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ստիպել են ԲԴԽ-ից ազատման դիմում գրել հեռանալ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորի ազատման դիմումն արդեն ԲԴԽ-ում է: Իհարկե, փորձեցինք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից. դատավոր Ռուբեն Ներսիսյանը երեկ ողջ օրն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խոսնակի միջոցով փոխանցեց. «Բացառիկ հորինվածքներն ու բամբասանքները զվարճալի կլինի մեկնաբանել»:
Քնար Մանուկյան