ՀԱՐՑ. Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ լսեցի, որ կառավարության կողմից քաղծառայողների համար առաջիկայում կստեղծվի սոցիալական փաթեթ, որն ունի 4 նպատակ` բժշկական սպասարկման, կրթական, հիփոթեքային վարկերի եւ հանգիստն անցկացնելու համար: Կխնդրեի մի փոքր մանրամասնել, եւ ի՞նչ կարծիքի է այս մասին քաղծառայության խորհուրդը: Մարիամ Բաղրամյան, 39 տարեկան, հաշվապահՊԱՏԱՍԽԱՆ. Այդ փաթեթի հետ կապված հետաքրքրությունը բավականին մեծ է քաղծառայողների կողմից: Ցածր աշխատավարձերի պարագայում այս պահին դա փոխլրացման տարբերակ է: Քաղծառայողների խորհուրդն ուղղակի ողջունում է կառավարության կողմից այս նախաձեռնությունը եւ համարում որպես ցածր աշխատավարձերի հետ կապված ստեղծված իրավիճակից դուրս գալու լրացուցիչ եւ օժանդակող տարբերակ: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, եւ որպես առաջնահերթություն` սոցիալական աջակցության փաթեթի այս համակարգը ներդնելու խնդիրը մենք տեսել ենք վաղուց: Եւ լավ կլինի, որ հետագայում նաեւ սա ոչ թե որպես աշխատավարձերի բարձրացման փոխհատուցում լինի, այլ լրացուցիչ, այսինքն` նաեւ աշխատավարձերի բարձրացումը հետեւի այդ պրոցեսին: Մենք համոզված ենք, որ դա կլինի, բայց առաջիկայում, երբ կառավարության ֆինանսական հնարավորությունները ներեն: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղծառայողներն, անշուշտ, ավելի կոգեւորվեն, եթե զանազան ծառայություններ առաջարկելու փոխարեն իրենց համար տարեսկզբից աշխատավարձային հավելումներ նախատեսվեն: Չի բացառվում, որ շատ քաղծառայողներ տվյալ տարվա ընթացքում ո՛չ բժշկի դիմելու, ո՛չ վարկ ստանալու, ո՛չ հանգստի մեկնելու, ո՛չ էլ կրթական առաջարկից օգտվելու ցանկություն չունեն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ