«Խորհրդարանի «դիտորդները»․ ովքեր են ԱԺ ամենապասիվ պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բարձրագույն քաղաքական մարմնում՝ խորհրդարանում, պասիվ և ոչնչով աչքի չընկնող պատգամավորների պակաս չկա:

ArmLur.am-ը կներկայացնի Ազգային ժողովի ամենաքիչ ակտիվություն ցուցաբերած և հազվադեպ ելույթներ ունեցող պատգամավորներին:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, մշտապես ակտիվությամբ ու աչքի ընկնող պատգամավորների կողքին կան շատերը, որոնք, կարելի է ասել, անգործության են մատնված:

ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր Մերի Գալստյան, որը ոչնչով աչքի չի ընկնում. հազվադեպ է օրենքի նախագծեր հեղինակում, իսկ ԱԺ ամբիոնից մոտ 2 տարի առաջ է ելույթ ունեցել:
Մերի Գալստյանը, կարծես, խորհրդարանում միայն դիտորդի դեր է կատարում. նա ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավար Լենա Նազարյանի մտերիմ ընկերուհին է:
Մերի Գալստյանը պասիվ է ոչ միայն ԱԺ դահլիճում, այլ նաև իր խմբակցության ներսում, մեր տեղեկություններով՝ նա թիմակիցների հետ էլ առանձնապես մտերիմ հարաբերություններ չունի, բացի Լենա Նազարյանից, որևէ մեկի հետ չի շփվում:
Միայն մեկ անգամ Մերի Գալստյանը «աչքի» ընկավ մամուլում, երբ 44-օրյա պատերազմի օրերին նա հայտնվեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «հավաքագրած» «Էռատո» խմբում, բայց այդպեա էլ անհասկանալի մնաց, թե ինչ էր անում պատգամավորն այնտեղ: Ինչ-որ մի փոսում լուսանկար էին հրապարակել, որտեղ երևում էր իշխանական պատգամավորի դեմքը:

Իշխանական ամենաանգործունյա պատգամավորներից է Գայանե Եղիազարյանը. նա խորհրդարան գործուղվել է Երևանի ավագանուց. եղել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ պատգամավորական մանդատը ստանձնել է 2022թ-ին: ԱԺ-ում ընդամենը մեկ անգամ ելույթ ունեցած Գայանե Եղիազարյանը հանրությանը հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ բարձրագույն կրթություն չունի:

ՔՊ խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը նույնպես ԱԺ գործուղվել է ավագանուց:

2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակում: 2018-2021թթ-ին զբաղեցրել է նաև Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վերջինս թեև ակտիվ մասնակցություն է ունեցել 2018թ-ի հեղափոխությանը, բայց խորհրդարանում աչքի է ընկել միայն իր պասիվությամբ:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ազգականը՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանը, նույնպես ԱԺ ամենապասիվ պատգամավորներից է:
Վերջինս նաև ՔՊ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է. թեև ԱԺ-ում ելույթ գրեթե չի ունենում, փոխարենն ակտիվանում է, երբ ՔՊ տարածքային կառույցում ընտրություններ պետք է անցկացվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի հուլիսի գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: ՔՊ գրասենյակի փաստացի լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են եղել, որին մասնակցություն է ունեցել նաև Էդգար Հակոբյանը։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը նույնպես ԱԺ-ում գրեթե ելույթներ չի ունենում, նախագծեր չի հեղինակում:
Ցիրունյանը 2018-2020թթ. եղել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, գործադիր եկել է 2020թ-ին: Վերջինս ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովի անդամ է:
Հայկ Ցիրունյանը իշխանական «ամենասուսուփուս» պատգամավորներից է և երևան է գալիս միայն ընդդիմության ակցիաների ժամանակ, ու սկսում է քննադատել նրանց:

Ընդդիմադիր պատգամավորների թվում պասիվ պատգամավորները նույնպես քիչ չեն:
Օրինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, որը պատգամավորական մանդատը վերցրել է 2022թ.թ-ին, ԱԺ-ում հազվադեպ է ելույթներ ունենում:

«Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանը նույնպես ԱԺ ամենապասիվ պատգամավորների շարքին է դասվում:
Այս ցանկը, թերևս, կարող է շարունակական լինել:
Չնայած հեղափոխությունից առաջ իշխանությունը խոստանում էր բարձրացնել խորհրդարանի դերն ու նշանակությունը և աչքի ընկնել իրենց աննախադեպ ակտիվ աշխատանքով, բայց այս պատկերն ամբողջությամբ հակառակն է ցույց տալիս:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս