ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ քննարկվեց «Բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների» իրականացման ընթացքը։ Ըստ առանձին ոլորտների ամփոփվեցին կատարված աշխատանքները, ներկայացվեցին նախարարի հանձնարարությամբ վերլուծությունների հիման վրա մշակված ծրագրերը։ Արձանագրվեց, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթանում են հաստատված ժամանակացույցով։
Դերենիկ Դումանյանը նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք հանձնարարականներ տվեց։ Մասնավորապես, բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հանձնարարեց աշխատանքները սկսել 3-4 մասնագիտությունների գծով` կիրառելով Երևան-մարզ հեռուստաբժշկության հնարավորությունները։ Այնուհետև, վերլուծելով արդյունքները, ընդգրկել ավելի շատ մասնագիտություններ։
Նախարարը հանձնարարեց հստակ սահմանված ցուցանիշների հիման վրա առողջապահական հիմնարկների վարկանշային մակարդակների սահմանման գործընթացն իրականացնել ըստ փուլերի` առաջնահերթությունը տալով դեղատներին և ստոմատոլոգիական կլինիկաներին։
«Դա լուրջ խթան կդառնա ծառայությունների որակը բարելավելու, մրցակցային առողջ դաշտ ստեղծելու գործում»,-ասաց նախարարը։
Դերենիկ Դումանյանն առաջարկեց բուժաշխատողների արդեն մշակված էթիկական կոդեքսն ուղարկել մասնագիտական ասոցիացիաների քննարկմանը։
Նախարարը մեծապես կարևորեց տնային տնտեսություններում իրականացվող հետազոտության ընդլայնումն ու դրա շրջանակներում կոռուպցիոն ռիսկեր պարունակող հնարավոր պատճառների և հետևանքների վերլուծությունը` նպատակակետ սահմանելով «գրպանից դուրս» ծախսերի առավել տարանջատումը և բնակչության շրջանում կոռուպցիայի ընկալման գնահատումը։
«Առողջապահության ազգային ինստիտուտը միջազգային մեթոդաբանությամբ կազմեց 2012 թվականի «Ազգային հաշիվները»։ 2014-ի հունվարից մենք համակարգված միջոցառումներ ենք իրականացնում ոլորտում ստվերային վճարումների կանխման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ 2013-ի «Ազգային հաշիվները» կլինեն ելակետային այն տվյալները, որի հետ համեմատականը ցույց կտա կատարված միջոցառումների արդյունավետությունը»,-ընդգծեց Դերենիկ Դումանյանը։
Քննարկվեցին նաև ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման, պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային բուժօգնություն ստացած քաղաքացիների բավարարվածության թերթիկների, անկանխիկ վճարումների ներդրման մեխանիզմները և մի շարք այլ հարցեր։