ՄԻՆՉ ՕՐՍ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովը։ Օրակարգում ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցի քննարկումն էր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։

 

«Ընդհանուր ժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ ընդլայնված ժողովը հրավիրվել է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների առաջարկությամբ։ ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց, որ մինչեւ 2022թ. կեսերը ՀՀ կառավարությունում զարգացվում էր Գիտությունների ազգային ակադեմիայի  կազմում խոշորացված գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարությունը։ «Կար որոշում յուրաքանչյուր տարի առնվազն երկու խոշորացված գերազանցության կենտրոն ստեղծել ԳԱԱ կազմում»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունել է երկու կենտրոնների ստեղծման որոշում եւ ուղարկել  Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ Այդ ժամանակ քննարկվում էր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որում եւս նշված էր ԳԱԱ կազմում խոշոր կենտրոնների ստեղծման մասին։ Սակայն, այդ օրինագիծը ՀՀ կառավարությունում ընթացք չի ստացել։ «Հետագայում հասկացանք, որ դա կապված էր ակադեմիական քաղաքի գաղափարի հետ»,- ասաց Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ, այնուհետեւ քննարկվում էր բուհերի եւ ԳԱԱ ինստիտուտների ինտեգրման հարցը։ «Այդ ժամանակ նախարարությունն ընդունեց ԳԱԱ ներկայացրած տարբերակը կրթության եւ գիտության ինտեգրման վերաբերյալ։ Գաղափարը փոխվեց աստիճանաբար, առաջ եկավ մասնակի միավորման, որից հետո միավորման գաղափարը, ստեղծվեց աշխատանքային խումբ, ես էլ էի ներգրավված», – ասաց Աշոտ Սաղյանը։ «Աշխատանքային խումբը մի քանի ամիս ակտիվ աշխատել է։ ՀՀ ԳԱԱ-ն ներկայացրել է իր տարբերակը։ Այնուհետեւ Գիտության կոմիտեն ներկայացրեց ակադեմիայի առաջարկի լրիվ հակառակ տարբերակը։ Մեր վերջին հանդիպումը եղել է 2023թ. հունվարի 3-ին, երբ բուհերի հետ կապված ընդունվեց որոշում։ Ինստիտուտների ինտեգրման հետ կապված հարցադրմանը եղավ արձագանք, որ կլինի լրացուցիչ քննարկում, կամ կառավարությունը կորոշի, թե որ առաջարկն է առաջ տանում։ Դրանից հետո մինչ օրս որեւէ քննարկում չի եղել։ Սակայն վերջերս՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, քննարկվել են ակադեմիայում առկա խնդիրները եւ բարեփոխումների պլանը։ Վարչապետը նշել է, որ դեռեւս վերջնական քննարկում չի եղել, եւ վերջնական տարբերակ չկա», – ասաց Աշոտ Սաղյանը։

Նա հայտնեց, որ այնուհետեւ ԳԱԱ-ն համակարգի ինստիտուտների գիտական խորհուրդների որոշումներով ընդունված դիրքորոշումների հիման վրա  76-էջանոց փաստաթուղթ է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ Դրանից մոտ երկու շաբաթ հետո շրջանառության մեջ է դրվել փաստաթուղթ, որում արդեն ԳԱԱ ինստիտուտները բաշխված են ըստ կլաստերների, եւ ստեղծված են աշխատանքային խմբեր։ Այդ աշխատանքային խմբերում ակադեմիան չի ներառվել։ «Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ մեր ինստիտուտների առաջարկները չեն քննարկվել կամ չեն ընդունվել։ Այդ ժամանակ մենք ստացանք ահազանգներ մեր տնօրեններից, առաջարկեցին հավաքվել, քննարկել եւ գալ ընդհանուր դիրքորոշման։ Դրա համար հրավիրվել է այս արտահերթ ժողովը»,- ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ՀՀ  ԳԱԱ-ում բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, կանոնադրական փոփոխություններ, անհրաժեշտ է անցկացնել ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ։ «Առնվազն 4 անգամ մենք դիմել ենք այդ հարցերով, սակայն ընթացք չի ստացել։  Տարբեր երկրներում, այդ թվում՝  եվրոպական, ես վերջերս շատ եմ եղել, տարբեր պետությունների ակադեմիաների հետ պայմանագրեր ենք կնքել, հանդիպել եւ խոսել եմ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ։ Բոլորն էլ բարձր կարծիքի են հայկական գիտության, հայոց Գիտությունների ազգային ակադեմիայի մասին, հարգալից վերաբերմունք բոլոր պետություններում բացի մեկ պետությունից»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Շաբոյանը,  ՀՀ ԳԱԱ  Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Թոփուզյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի եւ գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը, պատմաբան Ալեքսան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Արթուր Իշխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի որոշման նախագիծը։ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունեց որոշման նախագիծը, որը հնչած առաջարկների հիման վրա կլրամշակվի եւ կդրվի շրջանառությանն մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 97 մլն 035 հազար դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների շուրջ 17 հազար սովորողներին դասագրքերով ապահովելու համար։

 

Որոշումը երեկ ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ընթացքում։

«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ամբողջությամբ փոխհատուցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետեւանքով բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ։

Ասել է թե՝ որոշման շնորհիվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր սովորողներն ապահովված կլինեն դասագրքերով:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ Է  ՊԵՏՔ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք՝ Տավուշի մարզի որ բնակավայրերի հողերն են ներկայումս գտնվում Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ, այդ բնակավայրերից յուրաքանչյուրից քանի հեկտար հողատարածք է գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մարզպետարանից պատասխանել են. «Ադրբեջանին կից Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ բնակավայրերը ունեն տարածքներ առնչվող բախման սահմանագծի հետ, որոնց մի մասը դիտարկվում են հակառակորդի զինուժի կողմից, մի մասն էլ գտնվում է իրենց տիրապետության տակ, սակայն այն ճշգրիտ հաշվարկելու համար անհրաժեշտ է կատարել սահմանագծի գույքագրման աշխատանքներ, որի արդյունքում պարզ կդառնան Ձեր կողմից պահանջվող թվային տվյալները»:

 

 

 

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

2020թ. ամռանը Իջեւանի գինու, կոնյակի գործարանը առանց շինթույլտվության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) գործարանի հարեւանությամբ՝ Աղստեւ գետի հունում, կատարել է մեծ ծավալի շինարարակական աշխատանքներ, 700-800 մետր երկարությամբ գետի հունն ավերվել է, 1870 խորանարդ մետր ծավալով գետափի ժայռը վերացել է, Աղստեւի ափին կառուցվել է մեծ երկարությամբ բետոնե պատ, որի հետեւանքով Իջեւանի դենդրոպարկի ջրառն ավերվել է,  դենդրոպարկն Աղստեւ գետից ոռոգման ջուր չի ստացել,  դենդրապարկում շուրջ 60 տարում տնկված հազվագյուտ ծառերի եւ թփերի կեսը չորացել է։ Բնապահպանական խախտումների համար Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տուգանել է 216 հազար դրամի, նաեւ 350 հազար դրամի չափով։ Դիմել ենք Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ հարցնելով, թե Աղստեւ գետի եւ Իջեւանի դենդրոպարկի ջրառն ավերելու հետ կապված քրեական գործն ինչ ընթացք ունի, ով է այդ գործով ներգրավված որպես մեղադրյալ։ Քննչական կոմիտեն պատասխանել է.  «Տավուշի մարզի Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողը առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանին հանձնելու եւ ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին (08.04.2003 թվականին ընդունված եւ 01.07.2022 թվականին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության այս փուլում որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ»։ Իրավապահ համակարգից  տեղեկացա, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունին, Իջեւանի դենդրոպարկին պատճառված մեծ վնասները ճշտելու համար նշանակվել է փորձաքննություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս