Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է ձիասպորտի Հայաստանի առաջնությունը։
Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝
B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ),
C դաս (արգելքների բարձրությունը՝110 սմ),
D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ):
Մրցութային առաջին օրը D դասում հաղթող է դարձել Անյա Ռոգովան՝ «Հենեսի» նժույգով («Նաիրի» ակումբ)։ C դասում դարձյալ հաղթող է ճանաչվել Անյա Ռոգովան՝ «Միլտոն» նժույգով («Նաիրի» ակումբ)։ B դասում 1-ին տեղն է գրավել Ալբերտ Սուքիասյանը՝ «Սպեկտրալ» նժույգով։
Մրցութային երկրորդ օրը D դասում 1-ին տեղը ևս գրավել է Ալբերտ Սուքիասյանը՝ արդեն «Սուպեր Ալիանս» նժույգով («Սիլ» ակումբ)։
C դասում առաջինն է ճանաչվել Դավիթ Խաչատրյանը՝ «Պենտելի» նժույգով («Սիլ» ակումբ)։ B դասում 1-ին տեղը գրավել է «Նաիրի» ակումբի ներկայացուցիչ Անյա Ռոգովան՝ «Միլտոն» նժույգով։
Մրցանակակիրներին պարգևատրել են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը և առաջնության գլխավոր մրցավար Միքայել Ղազարյանը։