Վարդան Պետրոսյանի գործով տուժող Հակոբյանների ընտանիքը բաց նամակ է ուղարկել դերասանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Երկար մտածեցինք, գրենք, թե չէ՝ ի պատասխան Վ. Պետրոսյանի նամակին
Պարոն Վարդան, գիտենք, որ տիրապետում եք դերասանական բարձր արվեստին, որը ամեն կերպ օգտագործում եք մեր առանց այն էլ ծանր վիճակն ավելի ծանրացնելու համար: Տարբեր սցենարներ գրեցիք հանրության մոտ խղճահարություն առաջացնելու համար: Բայց դա ձեզ թույլ չի տալիս կորցնել բարոյականությունը եւ ոտնահարել մեր արժանապատվությունը: Ի՞նչ է նշանակում բազմիցս փորձել ենք հանդիպել եւ մերժում ենք ստացել: Իսկ դուք ո՞նց էիք պատկերացնում, ձեզ այդքան հարազատ ծափահարություններո՞վ պետք է դիմավորեինք ձեր բարեկամներին:
Փորձել եք հանդիպել եւ մի քանի անգամ, ինչպես նշել եք, անհասկանալի հանդիպումներ են եղել ձեզ համար: Անհասկանալի, որովհետեւ բացի ժամանակ շահելուց՝ ուրիշ ոչինչ չի եղել: Չորս ամիս անց բարեհաճել եք գալ մեր մատաղ երեխաների շիրիմին 2 փունջ ծաղիկ դնել եւ խունկ ծխալ, որը դուք, շատ մեծ բան համարելով, հանրությանն եք ներկայացնում:
Ավելի լավ կլիներ՝ պատմեիք, թե ինչպես խրախճանքներից հետո ոչ սթափ վիճակում, բարձր արագությամբ, միեւնույն ժամանակ, հեռախոսով խոսելիս ոչնչացրեցիք 2 ընտանիք, 2 ջահել կյանք:
Դրա փոխարեն՝ գեղարվեստականորեն ներկայացրել էիք ձեր քրոջ եւ կնոջ հանդիպումը մեզ հետ: Այո, եկել են, բայց ինչ են տեսել եւ ինչ են խոսել: Տեսել են դժբախտացած 2 ընտանիք, ցավի ու սեւի մեջ մտած 2 մայրեր: Եւ գալուց հետո ինչ են առաջարկել. առաջարկել են Տաթեւիկի համար բժիշկ բերել, որը խորհուրդներ կտա, թե ինչ վարժություններ անի, այն դեպքում, երբ 20-ամյա Տաթեւը, որին հազիվ փրկեցինք մահվան ճիրաններից, դեռ հարց է՝ կկարողանա արդյոք ապրել լիարժեք կյանքով:
Ոչ մի անգամ չհիշեցիք մեր աղջկան, որը հոգեկան մեծ տրավմա է տարել: Ձեզ անգամ չանհանգստացրեց հուղարկավորության հետ կապված խնդիրները՝ այն դեպքում, երբ բազմիցս դա դարձրել եք շահարկման առարկա՝ իբր հոգացել եք այդ մասին: Մենք չենք էլ սպասել, պահեք ձեզ, դա ձեզ հաստատ պետք է գալու:
Հիմա քեզ ասում եմ՝ ոչ մի հաշտեցում, մենք թշնամիներ ենք: Եւ ավելի լավ էր՝ ընդհանրապես չխոսեիր: Ինչպես նշել ես, որ որոշեցիր խոսես: Ձեր ամեն քայլը մեզ ավելի է խոցում: Դա վաղուց մշակված անմարդկային ծրագիր էր ձեր եւ ձեր քրոջ կողմից: Մտածեք ձեր հոգու փրկության մասին: Ո՞նց եք ապրելու այդ մեղքով: Չենք լռելու եւ չենք ներելու: Բոլոր ձեր քայլերը անտրամաբանական են եւ նման ձեր խեղկատակ բեմադրություններին:
Իսկ ինչու չանդրադառնամ նրան, որ հինգ ամիս է՝ դատապարտյալների հիվանդանոցում եք, եւ ոչ թե կալանավայրում: Ինչ է, դեռ չառողջացա՞ք, ոնց հասկանանք, երբ մեր մահից փրկված հիվանդները՝ բազմաթիվ կոտրվածքներով եւ վնասվածքներով, վաղուց արդեն ստիպված տանն են, իսկ դուք դեռ բուժվում եք: Եւ դուք դեռ մտածում եք նոր բեմադրությունների մասին. դա մենք թույլ չենք տա: Դուք այնքան լաց եք բերել, որ իրավունք չունեք ծիծաղելու:
Խորտակեցիր երկու ջահել կյանք: Եւ փոխարեն ծնկաչոք ներողության գայիք, դեռ փորձում եք ալեկոծել մեզ: Ամոթ ձեզ:
Եւ որտեղից եկաք, հանդիպեցիք մեզ, փոխարենը լսելու էինք հերթական վթարն է եղել՝ ոչ սթափ վիճակում, որը վերջացել է կորստով:
Ետ բեր մեր տղաներին եւ հեռացիր մեր ճանապարհից: Այս անգամ ձեր արտիստիզմը չփրկեց ձեզ, դուք ավելի բարդացրիք ձեր վիճակը՝ ստեղծելով ձեր չարաբաստիկ եռյակ միությունը՝ Վարդան, Աշխեն, Կոլյա:
Այնպիսի տպավորություն է, ոնց որ պարտք էինք ձեզ մեր տղաներին: Ինչ է, մտածում եք՝ ձեր երեխաներից վա՞տն էին: Այո, կարող ենք նաեւ սպառնալ: Ձագերին կորցրած վիրավոր գազանների ենք վերածվել:
Բազմիցս ասել եք, որ դուք կիսում եք մեր վիշտը: Փաստորեն դա ակնհայտ սուտ է, քանի որ սգալու փոխարեն դուք ընդամենը զբաղված եք եղել ֆիքսելով հանդիպման օրերը, ժամերը, վայրերը:
Մենք ձեզ վաղուց հանձնել ենք Աստծո դատին»:
Նշենք, որ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից բաց նամակ էր գրել Հակոբյանների ընտանիքին, որում մասնավորապես ասվում էր, թե քանի անգամ են իրենք փորձել հանդիպել Հակոբյաններին:
Hetq.am