ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում տեղեկություններ են փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ս․-ն բժշկական հետազոտություն անցնելու պատրվակով տեղափոխվելու է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և այնտեղ նրան փոխանցվելու է թմրանյութ։
Քրեակատարողական ծառայողները ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ աշխատակիցների հետ համատեղ, ըստ սահմանված կարգի, խուզարկել են բժշկական կենտրոնի սոնոգրաֆիայի սենյակը, որի արդյունքում հատակից հայտնաբերել են կաուչուկից պատրաստված, կասկածելի սուր հոտով փաթեթ։ Թմրանյութ իրացնելու անմիջական կասկածով ձերբակալել են քաղաքացի Հ․ Հ․-ին, որը մինչ խուզարկությունը գտնվելիս է եղել սոնոգրաֆիայի սենյակում։
Դեպքի առթիվ նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։