Մեր պայքարը ընթանում է դեպի բաղձալի հաղթանակը, որը սարերի հետեւում չէ. այն շատ-շատ մոտ է: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ բագրատ Սրբազանը:
«Շատ սիրելի վեր հառնող ժողովուրդ, իմ շատ համբուրելի ժողովուրդ: Առաջին իսկ պահին ուզում եմ, որ մեր զգացումները, խոնարհումը թե դեպի երկինք ուղղված լինեն մեր հերոս, նահատակ տղաներին, հայրերին, թե երկրի վրա մեր ընտանիքներին, ծնողներին, հայրերին ու հայրերին: Խնդրում եմ խոնարհումով ողջունել այստեղ ներկա գտնվող մեր նահատակ հերոստղաների ծնողներին:
Գրեթե երկու շաբաթից ավելի է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը համբերատար, հստակ օրակարգով, վստահ ուղեգծով ընթանում է դեպի բաղձալի ճշմարտության հաղթանակը, որը սարերի հետեւում չէ: Ավելին, շատ-շատ մոտ է: Վերստին ուզում եմ հիշեցնել, որ մենք պայքարի ենք դուրս եկել մեր հանրային հաշտության լայն օրակարգով՝ պայքարելով ստի ու կեղծիքի, ատելության եւ թշնամության դեմ, հանուն ճշմարտության, հաշտության եւ սիրո: Այս շարժումը արժեքային եւ քաղաքակրթական փոփոխության մասին է:
Մենք պարզապես ապրելու եւ պետություն կառուցելու այլընտրանք չունենք: Վերջին շաբաթները ցույց տվեցին, որ մեր ազգն ապրում է փոփոխությունների մեծ ակնկալիքով, աչքերից ճառագող լույսերով: Մենք հրապարակներում փողոցներում, կրթական ու գիտական, մշակութային կենտրոններում ականատեսը եղանք մեծ սիրո ալիքին, ինչը վկայում է, որ մեր ժողովուրդն ընդունել է այս շարժամն օրակարգը եւ ուզում է փոխել այն դառը իրականությունը, որը արհեստական կերպով պարտադրվել է մեզ որպես «անխուսափելի» իրականություն»,- հայտարարեց Սրբազանը:
Նրա խոսքով, շարժումը ոչ թե մարել է, այլ ավելի բյուրեղացել է, նպատակային է դարձել եւ հաղթելու է:
«Մենք հաշտության փոխարեն ստացանք թշնամություն, սիրո փոխարեն, ատելություն, ինքնամաքրվելու փոխարեն ցեխարձակում, օրհհնության փոխարեն՝ զրպարտություն ու լուտանք, ճշմարտության փոխարեն՝ սուտ: Վերջին օրերին տարաբնույթ հալածանքներ տեսանք մեր արցախցի հայրենակիցների նկատմամբ, շարժմանը մասնակից գործարարների, բժիշկների, զանազան անձանց նկատմամբ, որոնք արհամարհել են վախը, կալանքն ու նեղությունը: Շարունակական սպառնալիքներ, ահաբեկումներ, հատկապես գործիք դարձնելով ոստիկանական ուժերին եւ ողջ իրավապահ եւ անվտանգային ծառայություններին:
Իշխանական բոլոր թեզերին ուղղակի ձայնակցում է թուրքական ու ադրբեջանական իշխանությունների քարոզչամեքենան՝ կարծես նույն աղբյուրից հրահանգ ստացած: Այդուհանդերձ, վերջին ամիսները եղել են իմ կյանքի ամենաերջանիկ օրերը, երբ տեսել եմ ձեր ժպտացող, լուսավոր դեմքերը»,-ասաց Բագրատ Սրբազանը: Նշենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ավելի վաղ ասել էր, որ իրենք օրակարգից շեղվելու առիթ և պատճառ չունեն:
«Բոլորիս համար չափազանց դժվար է տեսնել՝ ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը: Հետևում և մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Լոռու ու Տավուշի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ», – ասել էր Բագրատ Սրբազանը: