ԲԱՑՈՒՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի շարք գովազդային արշավներից հետո Ծաղկաձորում նոր մշակութային կենտրոն դառնալու հեռանկարներ ունեցող Coma club ժամանցային վայրը չի բացվի», – հայտնել է հումորիստ, դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը, որի նախաձեռնությամբ էլ ակումբը պետք է գործեր Ծաղկաձորում։

«Տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը Ծաղկաձորի տուրիստական սեզոնն է։ Այն, ինչ արեց քաղաքապետարանը բացումից օրեր առաջ՝ անելով դա գարնան պասիվ ամիսներին, ես համարում եմ, կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբությունների տոտալ անտիրապետում», – սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութում բացատրել է Գարիկ Պապոյանը։ Նա նշել է՝ Coma club-ը եղել էր երազանք, որը դերասան-երաժիշտի խոսքով՝ պիտի «նոր, աննախադեպ մշակութային շունչ հաղորդեր Ծաղկաձորին՝ ստեղծելով երաժշտական նոր «ուիքենդային» մշակույթ»։
Տեսանյութի նկարագրության հատվածում Գարիկը նաեւ հավելել է՝ «այսքան պարտությունների ու հիասթափության մեջ, մեկ է՝ մեջտեղից կիսվելով ու իմ ունակությունների չափով՝ փորձում եմ մի բան ստեղծեմ, մի օգուտ տամ մեր պետությանը. բայց ախր մի քիչ էլ պիտի «պետությունենք» ուզեն…»։
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ծաղկաձոր խոշորացված համայնքի Նարեկ Հարությունյանի հետ, որը վստահեցրեց, որ մինչ Coma club-ի բացումը կհասցնեին ճանապարհի շինարարությունն ավարտել։
-Հարցը Գարիկ Պապոյանին ուղղե՞լ եք, նա կարծես սխալվել է այդ հարցում։ Այդտեղ զրոյից անցկացվում է ամբողջ թաղամասի ու քաղաքի կոյուղագիծ, որը չեմ կարծում, թե խնդիր է։ Նշված ժամանակի մեջ էլ համայնքապետարանը տեղավորվում էր, այսինքն, եթե իրենք ուզում են մայիսի 31-ին բացում անել, արդեն հասել ենք իրենց հատված։
-Այսինքն՝ կստացվե՞ր այս հարցն առանց խնդրի լուծել։
-Այո՛, ուղղակի, երեւի թե, մեր դերասան Գարիկ Պապոյանը քաղաքաշինական որեւէ բանի չի տիրապետում. բայց եթե ինքը գար, տեղում կտեսներ՝ ինչ աշխատանքներ են կատարվում, եւ ընդամենը 1-2 օր հետո ամբողջությամբ այդ աշխատանքները ավարտվելու էին եւ իրենց՝ մայիսի 31-ի համերգին ոչնչով չէին խանգարելու։
Գարիկ Պապոյանը համայնքապետարան չի դիմել, որեւէ մեկին որեւէ բան չի հարցրել. իսկ երբ նա ավարտական փաստաթուղթ է ստացել, այս նախագիծն արված էր եւ կոյուղագիծն արդեն անցկացնում էին անցած տարվանից, իսկ ինքը փաստաթուղթ ստացել է հունվար-փետրվար ամիսներին։ Ոչինչ, բայց կարող էր հարցնել, հարցուփորձ անել, իմանալ՝ երբ ենք ավարտելու։ Շինարարը ժամկետ ունի եւ ավարտելու էր իր ժամկետի մեջ, դա իրենց չէր էլ խանգարում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել նաեւ Գարիկ Պապոյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԱՐՁԱԳԱՆՔ՝ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆԻՆ
Արարատ քահանա Պողոսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Պապ թագավորի մասին հայտարարություններին. «Այլեւս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու…
Վերջին տարիներին որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են Հայ Եկեղեցուն՝ Պապ թագավորի դավադրաբար սպանության մեջ։ Այս վարկածին տուրք տվողները որեւէ աղերս չունեն ո՛չ հայ եւ ո՛չ էլ համաշխարհային պատմագրության եւ պատմագիտության հետ։
Պապ թագավորը, ի տարբերություն մերօրյա իշխանավորների, խորապես գիտակցում էր Հայ Եկեղեցու եւ եկեղեցականության դերն ազատագրական պայքարում (Հայոց պատմություն, հ. II, գիրք առաջին, Երեւան, 2018, էջ 121)։ Մերօրյա պատմագիտական միտքը, համադրելով հայ եւ օտար պատմիչների հաղորդած տեղեկությունները, փաստում է, որ թագավորի սպանությունը բացառապես պայմանավորված էր նրա վարած արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես՝ հայ-պարսկական եւ հայ-հռոմեական հարաբերություններով (Հայոց պատմություն, հ. II, գիրք առաջին, Երեւան, 2018, էջ 138)։ Հայ-պարսկական հարաբերությունների կարգավորմանը միտված թագավորի քաղաքականությունն ի վերջո առաջացրեց Հռոմեական կայսրության դժգոհությունը։ Եվ հենց Հռոմեական կայսրությունը դավադրաբար կազմակերպեց Պապ թագավորի սպանությունը (Հայոց պատմություն, հ. II, գիրք առաջին, Երեւան, 2018, էջ 139-143), եւ եկեղեցին որեւէ դերակատարություն եւ որեւէ մասնակցություն չի ունեցել։ Սա գիտություն է, փաստ է, եւ ոչ ոք չի կարող որեւէ ամբիոնից բռունցքով հարվածել այս փաստ-մեխին։
Իսկ եթե կարելի է անտեսել փաստերը, ապա չենք բացառում, որ մոտ ապագայում Հայոց եկեղեցին նաեւ մեղադրվի գրերի գյուտի, թարգմանական եւ ինքնուրույն գրականություն ստեղծելու, գրատպության, ճարտարապետության, բժշկագիտության, տոմարագիտության, ազատագրական պայքարի, հայդուկային շարժման համար…
Այո՛, համակարծիք ենք, որ ոչ միայն Պապ թագավորը չի սպանվելու, այլեւ չեն սպանվելու Տրդատ Մեծը, Խոսրով Կոտակը, Արշակ Երկրորդը, Վռամշապուհը….։ Սակայն, հարկ ի լուր եւ ի հեճուկս հողմաղացների դեմ մերկ ձեռքերով պայքարողների՝ հայտարարել, որ այլեւս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու»։

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՆՈՐ ՌԵԿՏՈՐ ՈՒՆԻ
Կառավարությունն իր երեկվա՝ մայիսի 23-ի նիստում հաստատեց «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Ռեկտորի ընտրությունը կայացել է երկու փուլով, որի արդյունքում Վարդան Լեւոնի Ազատյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
Վարդան Ազատյանը արվեստաբան է, հայագետ, փիլիսոփայության թարգմանիչ, ավելի քան 20 տարի դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Դասաախոսել է մի շարք բուհերում, այդ թվում արտերկրի: 2014-ին հիմնադրել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը»:

ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ՝ ԹԱԻԼԱՆԴՈՒՄ
Հայաստանի բռնցքամարտի կանանց եւ տղամարդկանց հավաքականներն առաջին մարզումն են անցկացրել Թաիլանդում:
Թաիլանդում մեկնարկում է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը:
Հավաքականում են` Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ), Անի Հովսեփյանը (66 կգ):
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի դեռեւս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍԸ»
«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան, ամենայն հավանականությամբ, 2024/25 մրցաշրջանը կսկսի Թուրինի «Յուվենտուսում»։
Sky Sport Italia-ն գրում է, որ 41-ամյա մասնագետը համաձայնել է գլխավորել թուրինյան ակումբը։ Կողմերը կնքելու են 3 տարվա պայմանագիր։ Մոտային վճարվելու է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Յուվենտուսը» ավելի քան 6 ամիս աշխատել է Մոտային գլխավոր մարզիչ նշանակելու համար։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Յուվենտուսը» Մասիմիլիանո Ալեգրիին հեռացրել էր գլխավոր մարզչի պաշտոնից։
Մոտան «Բոլոնիան» մարզում է 2022 թ. սեպտեմբերից։ Ակումբը ընթացիկ մրցաշրջանում 60 տարվա ընդմիջումից հետո նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՔԱՂԱՔՆԵՐԸ
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրել է այն քաղաքները, որոնք առաջիկա 2 մրցաշրջաններում ընդունելու են եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչները:
2025-26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կընդունի Բուդապեշտը: Եվրոպա լիգայի որոշիչ հանդիպումը կկայանա Ստամբուլում, իսկ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը՝ Լայպցիգում:
Հաջորդ մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կրկին կընդունի Ստամբուլը, իսկ Եվրոպա լիգայի գլխավոր հանդիպումը կկայանա Ֆրանկֆուրտում:




Լրահոս