Ստորեւ ներկայացնում ենք Հրազդանի երկաթահանքի շահագործման գործընթացից սպասվող վնասակար ազդեցությունների համառոտ նկարագրությունը, որը «Ժողովուրդ»-ին է ուղարկել ՀԱԿ Հրազդանի կառույցը: Հուսով ենք, որ համապատասխան ատյաններն ուշադրություն կդարձնեն ստորեւ ներկայացված ահազանգին: Եւ այսպես, երկաթահանքի շահագործման դեպքում անխուսափելի են հետեւյալ խնդիրները.
1. Լեռան ստորոտի մակերեւույթից ներծծվող` հանքի շահագործման արդյունքում առաջացած ծանր մետաղական գոյակցությունների ազդեցությունը լեռան ստորոտում 1-3 մ խորությունից ստացվող խմելու ջրի որակական փոփոխությունների վրա, որից օգտվում են հարյուր հազարավոր մարդիկ Հրազդանում, Ծաղկաձորում, Աբովյանում եւ Երեւանի որոշ շրջաններում:
2. Լեռան լանջով (թունելով) եւ ստորոտով հոսող գետի եւ լեռան ստորոտում գտնվող Ծովինար լճակի ջրերի հնարավոր աղտոտումը: Գետի ջրով ոռոգվում են Երեւանի հարակից եւ Արարատյան դաշտավայրի մշակովի հողատարածքները, որտեղից ստացվում է ՀՀ-ի պտուղ-բանջարեղենի 70-80%-ը:
3. Հանքավայրի եւ նախատեսվող ձուլարանի հարեւանությամբ են գտնվում Ծաղկաձոր, Հանքավան եւ Արզական-Աղվերան հանգստի, առողջարանային եւ տուրիստական կենտրոնները, որոնք կարող են մեծապես տուժել հանքաքարի կորզման եւ վերամշակման գործընթացից առաջացած ծանր մետաղներով հագեցած փոշուց:
4. Հանքաքարի կորզման արդյունքում գոյացող 350 մ երկարություն, 70 մ լայնություն եւ 270 մ խորություն ունեցող փոսում կատարվող պայթեցումները կխաթարեն նույն վայրում գտնվող Աթարբեկյան ՀԷԿ-ի ջրատար եւ էներգետիկ համակարգերը, ինչպես նաեւ ամբողջությամբ կվնասվի լեռան հյուսիս-արեւելյան լանջին տեղակայված Վանատուր թաղամասի նոր գերեզմանատունը:
5. Հանքի շահագործմամբ պայմանավորված` նոր աշխատատեղերի խնդիրն արհեստականորեն ուռճացվում է: Ըստ չինական ընկերության` բացվելու է ընդամենը 500 աշխատատեղ: Այլ երկրներում չինական կապիտալով ընկերությունների փորձը ցույց է տալիս, որ այդ ընկերությունների բացած աշխատատեղերի մեծ մասը զբաղեցվում է չինացի տղամարդկանցով, քանի որ Չինաստանում առկա է տղամարդկանց հսկայական ավելցուկ, եւ նրանց մի մասի արտահանումը երկրից ուղղակի հրատապ խնդիր է իրենց դեմոգրաֆիայի համար: Հանքի շահագործման աշխատանքներում կներգրավվեն տեղացի 100-200 մարդ` հիմնականում սեւագործ բանվորներ, որոնք կունենան կարճաժամկետ` 10-15 տարով աշխատատեղեր (այդքան տարի է նախատեսված հանքի շահագործման համար): Սակայն հանքի շահագործման արդյունքում, կախված էկոլոգիական վիճակի վատթարացման հետ, միայն Ծաղկաձորում (չհաշված Հանքավանը եւ Աղվերանը) մենք կկորցնենք այժմ գործող 1500 հիմնական աշխատատեղերի մոտ կեսը:
Հանքավայրի ուսումնասիրությունները կատարվել են 1965-67թթ-ին, եւ չնայած հանքում եզակի բարձրորակ երկաթի առկայությանը` այն ժամանակ հանքը չի շահագործվել բնակավայրերին խիստ մոտիկ լինելու պատճառով: Այդ տարիներից ի վեր հանքավայրին ավելի մոտ գտնվող տարածքներում կառուցվել են Հրազդանի Կենտրոն թաղամասը, հեռավորությունը հանքից` 1փ1,5 կմ, Միկրոշրջանի հարավ-արեւելյան թաղամասը` մոտ 2 կմ, նախատեսվող ձուլարանից` մոտ 1 կմ, երկաթուղայինների բանավանը, անմիջապես բլրի ստորոտին, Վանատուրի եւ Ջրառատի նոր թաղամասերը, դպրոցներ, մանկապարտեզներ:
Հանքի շահագործման նախագիծը բնապահպանական առումով պարունակում է լուրջ ռիսկեր, տրված լիցենզիաները չեն անցել անհրաժեշտ փորձաքննություն, շահագործման թույլտվությունը տրված է առանց հասարակական լսումների:
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ Հրազդանի կառույց