«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օրից Հայաստանին ծանր փորձություն է սպասվում Ստրասբուրգում: ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունը գարնանային նստաշրջանում պետք է մասնակցի Ռուսաստանի հարցի քննարկմանը եւ քվեարկությանը:
Նստաշրջանը մեկնարկում է ապրիլի 7-ին: Ամենայն հավանականությամբ, քննարկումներին կներկայացվի բանաձեւ, որում առաջարկ կհնչի Ռուսաստանի անդամությունը ԵԽԽՎ-ն կասեցնել, սառեցնել, Ռուսաստանին զրկել ձայնի իրավունքից: Ընդ որում, սա կարող է նույնիսկ լինել ամենամեղմ տարբերակը: Եվ այս առաջարկը քվեարկելիս պետք է քվեարկի նաեւ հայաստանյան պատվիրակությունը:
Ինչպես գիտենք, պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը ՀՀԿ-ից, որը նաեւ այսօր ղեկավարում է գազային ոլորտի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որը, ինչ խոսք, եւս շատ նուրբ պահ է՝ նկատի ունենալով Հայաստանում գազային ոլորտում Գազպրոմի թագավորությունը:
Դավիթ Հարությունյանն ու նրա պատվիրակության անդամները երեւի թե երանի կտան այն օրերին, երբ ԵԽԽՎ-ում քվեարկվում էին Հայաստանին վերաբերող բանաձեւեր, ինչքան էլ որ այդ բանաձեւերը խիստ լինեին, ինչքան էլ որ ծանր լիներ փրկել իշխանություններին այդ քննարկումներում, արդարացնել նրանց գործողությունները, համոզել եվրոպացիներին, որ Սերժ Սարգսյանի կառուցածը դեմոկրատիան է, թեեւ լավ չի երեւում, բայց հաստատ դեմոկրատիան է, որ Սերժ Սարգսյանն ու իշխանական համակարգը ի ծնե ու ի բնե դեմոկրատներ են եւ այլն, եւ այլն»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում