«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը րոպեներ առաջ մեկնարկեց: Հավաքին ներկա որոշ քաղաքացիների ձեռքին տեսնում ենք ոչ միայն ՀՀ, այլև՝ ԵՄ դրոշները: Հանրահավաքը սկսվեց ՀՀ օրհներգի հնչյուններով:
Նշենք, որ հանրահավաքն այդքան էլ մարդաշատ չէ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախորդ տարվա հանրահավաքները:
Խոսքով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասաց, որ այսօրվա հանրահավաքը հանրային նախահավաք է, Ազատության հրապարակն էլ կդառնա ազգահավաքի հրապարակ:
Անդրադառնալով երեկ Հայաստանի՝ Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելուն` Հովհաննիսյանն ասաց, որ այս իշխանությունը չկարողացավ անգամ ձեռնպահ քվեարկել:
«Այս իշխանության օրոք պետք է մոռանալ Ցեղասպանության, Արցախի ինքնիշխանության ճանաչման ու ՀՀ անկախության և մեր ազգային շահերի մասին»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն: Կուսակցության ղեկավարը կոչ է անում գործի անցնել: «Նախահավաքից հետո հարթակում կլինի փոքր խորհրդակցություն»,- ասաց Հովհաննիսյանը: