Երեկ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը հաստատեց «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը:
Վաղը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում նախագիծը կքննարկվի լիագումար նիստի ժամանակ: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է սպասվող զարգացումների, սահմանադրական փոփոխությունների եւ խաղաղության պայմանագրի մասին:
-Տիկի՛ն Գալստյան, Ազգային ժողովում քվեարկության դրվեց սահմանազատման հանձնախմբերի կանոնակարգը՝ վերջնական հաստատման, եւ ընդդիմությունը հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու: Ի՞նչ պիտի տար չմասնակցությունը, երբ իշխանության ձայները բավարար են կանոնակարգին դրական արձագանք տալու համար:
-Մենք թե՛ հանձնաժողովի, թե՛ լիագումար նիստի ընթացքում մանրամասնորեն ներկայացրել ենք մեր փաստարկները: Հանձնաժողովն իրեն վերապահել է պետական մարմնի այնպիսի գործառույթներ, որոնց իրավունքը Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով չունի: Գործառույթներ, որոնք հանգեցնում են Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխությունների եւ, որքան էլ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փորձում է նշել, թե հանձնաժողովը զբաղվելու է Հայաստանի Հանրապետության սահմանների վերականգնումով, բայց նման եզրույթ, որպես այդպիսին, մեր իրավական դաշտում գոյություն չունի: Մենք խոսել ենք մի շարք սկզբունքներից, օրինակ՝ քարտեզների բացակայությունը, Ալմա-Աթայի հռչակագրին արված հղումը, որը, ըստ էության, իր տակ քարտեզ չունի եւ որեւէ քարտեզի վրա ամրագրված չէ: Մենք ունենք նաեւ մի վիճակ, ըստ Մհեր Գրիգորյանի խոսքի, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզ կամ գյուղ իր սեփական քարտեզն ունի: Փաստարկներից են նաեւ վեճերի լուծման մեխանիզմների բացակայությունը, կանոնակարգի նախաբանում առկա «ապագա խաղաղության համաձայնագրին» արտահայտությունը՝ հղում տալով մի փաստաթղթի, որը գոյություն չունի: Եվ այս պայմաններում մենք մատնանշեցինք բոլոր խնդիրները՝ նշելով, որ այս գործընթացը ո՛չ իրավաչափ եւ ո՛չ իրավական գործընթաց է՝ լինելով հակաիրավական:
-Իսկ ինչպե՞ս կարելի է դա կանխել:
-Գիտեք, դա ավելի քան պարզ է: Եթե կանխելու հնարավորություն լիներ, ապա մենք կլինեինք քաղաքական մեծամասնությունը, սակայն փոքրամասնություն ենք, որը մարտահրավերները գուժում է, սպառնալիքների վրա մատը դնում է եւ շեշտում, որ այն Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերը վնասող եւ խաթարող, Հայաստանի ապագան հարցականի տակ դնող փաստաթուղթ է: Ըստ էության՝ կանխելը նաեւ մեր ողջ ժողովրդի խնդիրն է՝ ոտքի կանգնել եւ «ո՛չ» ասելով այս իշխանության ավելի քան 6 տարվա՝ Հայաստանը կործանելու, ապազգային եւ հակապետական վարքագծերին:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ