Բաքվում նոյեմբերի 11-ից մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը, որը կտևի մինչև նոյեմբերի 22-ը։
COP միջոցառումների ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները:
Նախատեսվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։
Համաժողովի արդեն 4-րդ օրն է ընթանում, բայց պաշտոնական Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը Բաքվում կայանալիք միջոցառմանը։
ՀՀ-ում տևական ժամանակ է, ինչ COP29- գագաթնաժողովի կապակցությամբ բողոքի ակցիաներ, քայլերթեր են իրականանում։
Այսօր ևս ժամը 16։00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ «Stop Greenwashing Genocide!» խորագրով, որի ավարտին նամակ է հանձնվելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին։
Նշենք, որ միջոցառումները կազմակերպվում են ՄԱԿ-ի կողմից COP29 համաժողովը Ադրբեջանում անցկացնելու որոշմանն ի պատասխան՝ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Ալիևի ռեժիմի բռնապետական քաղաքականությունը և հայատյացության հռետորաբանությունը։
Հավելենք, որ միջոցառումների գլխավոր հյուրը էկոակտիվիստ Գրետա Թունբերգ է, որը, ի դեպ, հրաժարվել է մասնակցել COP29-ին Ադրբեջանի անցկացման վայրի պատճառով:
Աննա Սրապիոնյան