Նման անհարգալից վերաբերմունքը ազդում է և՛ բանակի, և՛ հայի հեղինակության վրա․ հայ ըմբիշները՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ից դուրս մնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  ArmLur.am-ը գրել էր՝ նոյեմբերի 18-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 40 երկիր, այդ թվում և Թուրքիան։

Հայաստանը ևս ներկայացված է լինելու առաջնությունում։ Սակայն, եթե ի սկզբանե ՀՀ-ից մասնակցության հայտ ներկայացրած մարզիկները գործող չեմպիոններն էին, ապա այժմ, պարզվում է, որ նրանց թույլ չեն տվել մասնկացել առաջնությանը՝ առանց որևէ պատճառաբանության:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ թույլ չեն տվել առաջնությանը մասնակցել ներկա պահին ժամկետային զինծառայողներ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, Եվրոպայի չեմպիոններ Արման Անդրեասյանին և Վազգեն Թևանյանին, աշխարհի երիտասարդների չեմպիոն Վիգեն Նազարյանին, բանակայինների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանին, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին, Եվրոպայի երիտասարդների մրցանակակիր Կնյազ Իբոյանին։ Արդյունքում, Հայաստանը տվյալ առաջնությունում ներկայացնելու են յուրաքանչյուր քաշի «երրորդ համարները», այլ ոչ չեմպիոնները։ Մինչդեռ Թուրքիան առաջննությանը մասնակցելու է բավականին տպավորիչ կազմով, իր այսպես կոչված «առաջին համարներով»՝ հավաքականում ունենալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, ինչը վերոնշյալ հայ ըմբշամարտիկների բացակայության պայմաններում, երաշխավորելու է նրանց հաղթանակը։

ArmLur.am-ը կապ հաստատեց մարզիչ Արմեն Բաբալյանի հետ՝ հասկանալու, թե ինչն է նման քայլի պատճառը։ Վերջինս ասաց, որ չի կարող ArmLur.am-ի հարցին պատասխանել:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև մարզիչ Արայիկ Բախդադյանի հետ, սակայն զանգերը մնացին անպատասխան:

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ մեր առաջատար ըմբիշներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից:

«Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնության»-ը: Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:

Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, որոնք մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել: Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք»,- գրել է Արսեն Հարությունյանը:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը ևս անդրադարձել է հարցին՝ գրելով, որ նման անհարգալից վերաբերմունքը ազդում է և բանակի, և սպորտի, և հայի հեղինակության վրա։

Եվրոպայի երիտասարդների մրցանակակիր Կնյազ Իբոյանն էլ նշել է, որ հայ ըմբիշները պատրաստ են երկրի պատիվը բարձր պահել, սակայն այդ հարցում աջակցության փոխարեն իրենց անորոշություն են մատուցում։

 




Լրահոս