«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դուբայում իր հանգիստն անցկացնող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստան ժամանելուց առաջ երեկ տոնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը բարձր տրամադրությամբ երեկ Դուբայից զրուցել է իր մի քանի կուսակիցների հետ՝ ոգեշնչելով, թե ամեն ինչ լավ է լինելու: Ինչպես հայտնի է, ԲՀԿ գործարար հատվածը մինչ երեկ տրամադրության կտրուկ անկում ուներ, քանի որ վախենում էր ապրիլի 28-ից սկսվող եռօրյա հանրահավաքների հետեւանքներից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մի շարք ԲՀԿ-ական գործարարներ երեկոյան ակնհայտ բարձր տրամադրությամբ հայտնեցին, թե խորը շունչ են քաշել եւ փառք են տալիս Աստծուն, որ ամեն ինչ այսպես ավարտվեց: «Թե չէ՝ մրից դուրս էինք գալու, ընկնեինք՝ մրաջուրը»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: