Այսօր կավարտվի ազատ ոճի ըմբիշների պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը այսօր կհատի եզրագիծը: Մեր մարզիկներից  պայքարի կելնեն  Գրիգոր Գրիգորյանը /70 կգ/ և Մուսա Մուրթազալիևը /86 կգ/: Իսկ երեկ   մեդալակիր դառնալու հույս էինք փափայում գերծանրքաշային  Անդրանիկ Գալստյանի հետ:

Ճիշտ է, նա մեկնարկում պարտվեց թուրք մրցակցին, բայց սփոփիչ գոտեմարտում մեծ առավելությամբ հաղթեց /12 : 2/  բելառուս Վադիմ Շվեդովին: Կիսաեզրափակիչ մտնելու և բրոնզե մեդալակիր դառնալու համար Անդրանիկին մնում էր  առավելության հասնել  ուկրաինացի Ալեքսանդր Խոցյանովսկու  նկատմամբ: Ավաղ, հակառակը ստացվեց և ապարանցի ըմբիշը բավարարվեց հինգերորդ տեղով: Ինչ վերաբերում է թուրք  Թահա Ակգյուլին ,որը  առաջին գոտեմարտում հաղթել էր մեր ըմբիշին, ասենք, որ նա մտավ եզրափակիչ, որտեղ չոր` 10 : 0 հաշվով «նոկաուտի  ենթարկեց»  ռուսաստանցի Ալան Խուգաևին և երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Վաղը` ապրիլի հինգին, մրցագորգը կտրամադրվի  Եվրոպայի առաջնութան մասնակից հունահռոմեական ոճի ըմբիշներին: Մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Կարեն Ասլանյանը /59 կգ/ ,Արամ Ջուլֆալակյանը /66 կգ/, Վարշամ Բորանյանը /71 կգ/, Արսեն Ջուլֆալակյանը /75 կգ/, Հրաչյա Հովհաննիսյանը /80 կգ/, Մաքսիմ Մանուկյանը /85 կգ/, Արթուր Ալեքսանյանը /98 կգ/ և գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը:

 

 

ՀԱՕԿ –ի  լրատվության բաժին




Լրահոս