ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 5 տարի առաջ Ռուսաստանում պայթյունից կյանքից զրկվեց Երևանի նախկին ոստիկանապետը․ կասկածելի պայթյունի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 տարի առաջ այս օրը՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին, Մոսկվայում կասկածելի հանգամանքներում մահացավ Մարտի 1-ի գործով վկա ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը: Մինչ օրս առեղծված է մնում նրա մահը: Բանն այն է, որ 2019 թվականին կասկածելի հանգամանքներում մահանում էին Մարտի 1-ի գործով անցնող անձիք:

Աշոտ Կարապետյանի մահվանից երկու ամիս առաջ էլ հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն էր։ Հարությունյանը ևս Մարտի մեկի գործով վկայի կարգավիճակ ուներ։ Ու մինչ օրս նրա մահը եւս մնում է առեղծված:

Ռուսական լրատվամիջոցների արձագանքը․

2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ ոստիկանության նախկին պաշտոնյայի մահը վրա է հասել Պյատիգորսկում մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունի հետևանքով:

Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է նաև ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մորեղբայրը։

Ռուսաստանում երկու մարդկանց մահվան առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ աշխատանքային պահանջները չբավարարելու հատկանիշներով։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին , որ գարեջրի գործարանը գազի ցանցին միանալու թույլտվություն չի ունեցել։

Ինչ ճանանարհ էր անցել Կարապետյանը

49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում աշխատել է 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էլ զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին,որ Կարապետյանը Մարտի մեկի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ: Մարտի մեկի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն նշել էր , որ Աշոտ Կարապետյանը հետընտրական իրադարձություններին իր մասնակցությունն է ունեցել. – «2008թ. փետրվարի 29-ի միջոցառում կոչված «տեղանքի զննություն» օպերացիան և դրա ամբողջ գիշերվա ընթացակարգի հետ Աշոտ Կարապետյանն առնչություն ուներ, նա էր զանգել Արմեն Նիկողոսյանին, կանչել ոստիկանություն, այնուհետև ոստիկանությունում, մենք գիտենք, ինչ իրավիճակ է եղել այդ ժամանակ զենքերի հետ կապված, օպերացիան իրագործելու հետ կապված և ժողովրդի դեմ նախահարձակ լինելու հիմքեր ստեղծելու հանգամանքներին վերաբերող քննարկումները և բուն դրա իրագործումն է։ Որպես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա՝ նա ևս առնչվել է այն ամենին, ինչ որ առավոտվա գործողություններում առկա են եղել ոստիկանության բիրտ ուժի կիրառման ժամանակ», – ասել էր նա։

Մարտի մեկի գործով տուժողի ներկայացուցչի գնահատմամբ, Կարապետյանը Մարտի մեկի գործով պիտի հարցաքննվեր։ Ըստ նրա՝ չի կարող ասել՝ Կարապետյանի մահը կապ ուներ այս իրադարձությունների հետ, թե ոչ. – «Չեմ էլ ուզում բացառել այն վարկածը, որ կարող է և կապ ունենալ, որովհետև զարմանալի զուգադիպությամբ բոլոր այն անձինք, ովքեր մարտի մեկի առանցքային գործողությունների կիզակետում եղել են, այս անձինք կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ մահանում եմ, և ինչ-որ բան նորմալ չեմ համարում այս ամենի մեջ»:

Ի դեպ Աշոտ Կարապետյանը հանրության ուշադրություն կենտրոնում էր հայտնվել հատկապես ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանի գործի շրջանակներում: Վիրաբյանը հայտարարել էր, որ 2004-ին ընդդիմադիր ցույցերին մասնակցելու համար իրեն խոշտանգողների շարքում է եղել նաև Աշոտ Կարապետյանը, որն այն ժամանակ Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Կարապետյանի անունը շոշափվել էր նաև Եվրադատարանի 2012 թվականի վճռում, որով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել էր 31 հազար եվրոյի փոխհատուցում վճարել:

2016 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավելու օրերին Երևանում մեկնարկած հանրահավաքներից հետո Կարապետյանը ենթարկվել էր կարգապահական տույժի, ապա ազատվել Երևանի ոստիկանապետի պաշտոնից։ Այդ օրերին ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների և լրագրողների նկատմամբ, տասնյակ մարդիկ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս