ԿԱՏՈՒՆԵՐԸ՝ ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գրողներից յուրաքանչյուրը հայտնի է իր հետաքրքիր, առօրյայում տեսանելի յուրօրինակությամբ։ Օրինակ՝ Րաֆֆին գրեթե միշտ գիշերն էր ստեղծագործում, Բակունցը սիրում էր գաթա ուտել՝ այն մեղրի մեջ թաթախելով, Իսահակյանի ամենասիրելի ուտեստներից էր հավի մսով ու բրնձով փլավը, Չարենցը իրեն շրջապատում էր արեւելյան ոճի իրերով ու օգտագործում էր արեւելյան սպասք:

 

Հայ գրող, հրապարակախոս, արձակագիր, դրամատուրգ եւ թարգմանիչ Դերենիկ Դեմիրճյանը, թերեւս հայտնի է այն հանգամանքով, որ մեծագույն սեր է ունեցել կատուների նկատմամբ։

Դեկտեմբերի 6-ը Դերենիկ Դեմիրճյանի հիշատակի օրն էր։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է որոշ փաստեր գրողի կյանքից եւ հետաքրքիր մտքերից։

Ինչպես արդեն վերը նշեցինք՝ Դեմիրճյանը մեծագույն սիրով էր սիրում կատուներին եւ իր տանը պահում էր տասնյակ կատուներ: Չնայած դրան՝ Դեմիրճյանը միաժամանակ հոգ էր տանում դրսում ապրող կատուների մասին։ Հետաքրքիրն այն է, որ Դեմիրճյանն իր կատուներին անվանում էր իր սիրած կանանց անուններով, օրինակ՝ Էլեոնորա, Շառլոտա, Մարան, Օֆելյա։ Դերենիկ Դեմիրճյանի սիրելի կատուներից էր Շառլոտան, եւ ամեն անգամ, երբ սատկում էր Դեմիրճյանի սիրելի կատուներից մեկը, այդ դեպքը դառնում էր ողբերգություն։

Դերենիկ Դեմիրճյանը հաճախել է ջութակի դասերի եւ Ժնեւում ուսանելու տարիներին ձեռք է բերել մի հին ջութակ՝ իտալական «Կրեմոնա» արտադրության։ Հետաքրքիրն ու միեւնույն ժամանակ ցավալին այն է, որ 1921 թվականին, երբ Դեմիրճյանն ուզում էր տեղափոխվել Թիֆլիս, նրան թույլ տալիս իր հետ տեղափոխել ջութակը։ Գրողին օգնության է հասել սիրելի Եղիշե Չարենցը, ով արվեստի բաժնի վարիչ է եղել։ Չարենցը տեղեկանք է տրամադրել այն մասին, որ ջութակը պատկանում է Դեմիրճյանին։

Եղիշե Չարենցը միայն ջութակի համար չէ, որ օգնության ձեռք է մեկնել Դեմիրճյանին։ Երբ Դերենիկ Դեմիրճյանի առաջին կինը՝ Մարիամը, ամուսնությունից 10 տարի անց մահացել է, ինչը մեծագույն հարված է հասցրել գրողին, ավելի ուշ Դեմիրճյանը հանդիպել է մի ռուս կնոջ, ում անունը Մարիա է եղել։ Մարիա անունով ռուս կինը, սակայն, ամուսնացած էր եւ ուներ երեխա։ Չնայած նրան, որ կինն ամուսնացած է եղել, Դեմիրճյանն այնպես է սիրահարվում Մարիային, որ փախցնում է նրան, ինչում էլ իրեն օգնում է երիտասարդ Եղիշե Չարենցը։ Մարիան եւ Դերենիկ Դեմիրճյանն ամուսնանում են, քանի որ Դեմիրճյանը կարծում էր, որ այդ սերն աստվածատուր սեր է, եւ ապրում են իրենց կյանքի մնացյալ օրերն իրար հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նաեւ գրողի հետաքրքիր, սիրված ու ազդեցիկ մտքերից։

l Մարդն իր ծերությունն զգում է այն ժամանակ, երբ հույսերով ապրելն իր տեղը զիջում է հուշերով ապրելուն։

l Բախտ ասածը ոսկե ձու ածող մի կույր հավ է, որը երբեմն իր ձվերն ածում է անարժանների բռի մեջ։

l Ինչքան թռչում ես դեպի ապագան, այնքան ընդլայնվում է հորիզոնը դեպի անցյալը, եւ խորանում է կյանքը։

l Վերեւից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի է սաստկանում նրա թափը, եւ ամենից ավելի ներքեւին գտնվողին ավելի ուժգին է հարվածում։

l Մի ժողովրդի պատմությունը նրա անկետան է, նրա վկայականը, նրա կենսագրական պատկերը։ Պատմությունը նրա հասակն է, նրա փորձը, նրա հնությունը, ստեղծագործական ստաժը։ Ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից։

l Ո՛չ ժամանակն է կրկնվում, ո՛չ գաղափարները, ո՛չ արվեստը: Բայց մի բան կարող է կրկնվել. դա վերաբերմունքն է դեպի արվեստը եւ ստեղծագործությունը։

l Դրախտն ու դժոխքը մեր ջահելությունն ու ծերությունն են։ Ուրիշ գաղտնիք չկա։

l Այս հավատից չեն կարող խախտել մեզ ո՛չ հրեշտակ, ո՛չ մարդիկ, ո՛չ հուր, սուր: Այլեւս դու այս ամեն բանի մասին մեզ մի հարցնի, որովհետեւ ոչ թե մարդու հետ է մեր հավատի ուխտը, որ խաբվենք իբրեւ երեխաներ, այլ անխզելի է Աստծո հետ, որ չի կարելի քանդել եւ հեռու նետել ո՛չ այժմ եւ ո՛չ ապա, եւ ո՛չ հավիտյանս, եւ ո՛չ հավիտենից հավիտյանս:

l Մեր նախնիները մեզ կտակեցին հայրենիք եւ ազգ: Արյամբ պաշտպանեցին նրանք մեր ազատության հայրենիքը եւ մեզ հրաման թողին անբասիր պահել այդ սրբությունները: Պաշտպանե՛նք մեզ կտակած գանձերը: Մեռնենք՝ չտանք թշնամուն ոչինչ:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 




Լրահոս