ՀՀ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի «գնդակահարության պատը» գեթ մեկ օր ազատ չի մնում։ Օրերս էլ պաշտոնից ազատվեցին Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հարությունյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հարությունյանի ազատման որոշումը կայացվել է ՔՊ նախաձեռնող խմբի հինգշաբթի օրվա նիստից հետո, որի ժամանակ ՔՊ-ականները ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանին մի լավ «քարկոծել են» մի շարք ծրագրերի ձախողման համար, մասնավորապես՝ ՔՊ-ականները նրան մեղադրում են հանքերի բնականոն աշխատանքը տապալելու մեջ:
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ կենսագրություն ունի Հարությունյանը և ինչ ունեցվածքով հեռացավ:
Բժիշկ-վիրաբույժ, օրդինատոր Հովհաննես Հարությունյանը հեղափոխությունից հետո մուտք գործեց քաղաքականություն, սակայն կարծես թե նախկին փոխնախարարի գործերը լավ չեն ընթանում։
Նախ Հարությունյանը 2019 թվականին նշանակվեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, ապա տեղակալ։ Հետո գրեթե մեկ տարի զբաղեցրեց Շիրակի մարզպետի պաշտոնը 2021 թվականին, հետո 2021-ից մինչ վերջերս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալն էր։
Գրեթե 3 տարի այս պաշտոնը զբաղեցնելով՝ Հարությունյանըմ, բազմաթիվ դժգոհություններից հետո, ազատվեց պաշտոնից։
Հարությունյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ 3 անշարժ գույք է հայտարարագրել 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 անհատական բնակելի տուն և 1 հողամաս։
Երեք անշարժ գույքերն էլ ձեռք են բերվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
2022 թվականին Հարությունյանը բավականին նոր՝ 2018 թվականի BMW մակնիշի մեքենա է ձեռք բերել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 150 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները 2023 թվականի տարեվերջին գրեթե կրկնապատկվել են՝ դառնալով 3 մլն 200 հազար դրամ։
Հովհաննես Հարությունյանի տարեկան եկամուտները կազմել են 15 մլն 536 հազար դրամ, որից 15 մլն 46 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից, իսկ 490 հազար դրամը վարկ է Ինեկոբանկից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 մլն 330 հազար դրամ։
Էմմա Միքայելյան