Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը Հարավային Կովկասում պայմանավորված չէ միայն Հայաստանով և հարևան Ադրբեջանով։
ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարել է 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի մասին հարցին։
«Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու համար անհրաժեշտ են հիմքեր, իսկ այդպիսի հիմքեր չկան, որովհետև ՀՀ-ը հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղություն հաստատելու նարատիվով, և այդ նարատիվներն ու առաջարկները բավականին հիմնավոր են»,-նշել է Պապիկյանը՝ վերստին կարծիք հայտնելով, որ տարածաշրջանում լարվածության մեծացման համար հիմքեր չկան։
Նա նկատել է, որ տարածաշրջանի անվտանգությունը և Հայաստանի անվտանգությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և վերջինիս մեկ հարևանով, այլ պայմանավորված է նաև ամբողջ տարածաշրջանով։
«Իհարկե, տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց, միևնույն ժամանակ, ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,-ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը։