ՕՀԱՆՅԱՆՆ ԷԼԻ ԽՈՍՏԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Բանակն իրականում» նախաձեռնությունը դարձալ կառավարության շենքի մոտ էր` խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների հետ ներկայացնելու իրենց բողոքը, իսկ հայրենի նախարարները կրկին «թռան» տարբեր մուտքերից:
Բողոքի ակցիայի մասնակիցները հիմնականում նույն մարդիկ էին, որոնք կառավարության յուրաքանչյուր նիստի ժամանակ հավաքվում են իրենց բողոքը նախարարներին ներկայացնելու համար: Ակցիան անցավ առանց միջադեպերի: Բողոքողները մոտ երկու ժամ անհամբեր սպասում էին կառավարության նիստի ավարտին` շենքից դուրս եկող նախարարներին մի քանի հարցով «անհանգստացնելու» համար:
Ակցիայի մասնակիցներն այդ ընթացքում ասում էին այն, ինչ մտածում են բոլոր գերատեսչությունների վերաբերյալ: «Ասում են` դատախազությունը պտի զբաղվի, ընտեղ ո՞ւր ա դատախազություն, որ մի հարցով էլ զբաղվի, ո՛չ ոստիկանությունն ա մի բան անում, ո՛չ երկրի նախագահը, ո՛չ էլ դատախազությունը: Օրական նամակ ենք գրում, թե մի բա՛ն արեք,  ընթա՛ցք տվեք, ու մինչեւ այսօր մեկը չի բարեհաճել պատասխանել մեր հարցերին»,-վրդովված բղավում էին ակցիայի մասնակիցները:
Նախաձեռնության ակտիվիստներն անցորդներին նաեւ թռուցիկներ բաժանեցին, որտեղ նշված էր թեժ գծի համարը, որով կարող են դիմել այն զորակոչիկներն ու զինծառայողները, որոնց իրավունքները խախտվել են: Թեժ գծի հեռախոսահամարն է` 0 8000 12 11:
Մահացած զինվորների ծնողները հիմնականում բողոքում էին այն փաստի կապակցությամբ, որ պաշտոնական վարկածի համաձայն` իրենց որդիների սպանությունները որակվում են որպես ինքնասպանություն:
Երկար սպասումներից հետո, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դուրս եկավ, զինծառայողների ծնողներից միայն մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրը մոտեցավ նախարարին: Սեյրան Օhանյանը խոստացավ Հասմիկ Հովհաննիսյանին ընդունել եւ զրուցել նրան հուզող հարցերի շուրջ:
Այնուհետեւ պաշտպանության նախարարը խոսեց ընդհանրապես բանակում տիրող իրավիճակի մասին. «Օգտագործելով մեր հրամանատարական կազմի տեղեկությունները` հասարակության բոլոր խավերի աջակցությունը մեզ, հ/կ-ների առաջարկությունները… բանակի հրամանատարությունն այսօր այն կառույցն է, որն ամենալավն է տիրապետում, թե բանակում ինչ է կատարվում, եւ ինչպես պայքարել դրանց դեմ: Այդ որակումներն իրենց մեջ պարունակում են իրավական  փաստեր, եւ ցանկացած որակում նախնական հետազոտման, նախնական տվյալների արդյունք է, որը քրեական գործի ընթացքում կարող է այս կամ այն կերպ, այս կամ այն ուղղությամբ փոխվել»:
Այն հարցին, թե ինչպես է նախարարը գնահատում Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ զինված ուժերում կատարած աշխատանքը, Սեյրան Օհանյանը պատասխանեց.  «Վլադիմիր Գասպարյանը ՀՀ զինված ուժերին ու նաեւ իր ոլորտին տիրապետող լավագույն մասնագետներից է: Ընդ որում, այդ մասնագիտական տիրապետումը տեսական չէ, նա այդ փորձություններով անցել է ե՛ւ ներքին գործերի նախարարությունում, ե՛ւ ռազմական ոստիկանությունում: Բացի դրանից, ինձ համար նա լավագույն ընկեր է, եւ նրա կատարած աշխատանքը ՊՆ-ում ես գնահատում եմ միանշանակ դրական»:
Նշենք, որ պաշտպանության նախարարը միակն էր, ով դուրս եկավ կառավարության շենքից եւ պատասխանեց լրագրողների հարցերին, իսկ մյուսներն այդպես էլ «չերեւացին»: Նախարարները դուրս էին եկել տարբեր մուտքերից` խուսափելով ակցիայի մասնակիցների աչքերին նայելուց:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս