Պարզվում է` «Նժդեհյան ցեղակրոն կուսակցության» նախագահ Գևորգ Հովսեփյանը սեփական կուսակցության գրասենյակի հասցեն չի հիշում: Այս մասին նա ասաց armlur.am-ի հետ զրույցում` խնդրելով հասցեն ճշտելու համար հավելյալ զանգել իրեն: Սակայն երբ զանգեցինք, պարզվեց` նրա հեռախոսն անջատված է:
Գևորգ Հովսեփյանը հրաժարվեց նաև կուսակցության գրասենյակ գնալու և հարցազրույցը տեղում նկարահանելու առաջարկից` պատճառաբանելով, թե այն վերանորոգման մեջ է և պատրաստ կլինի ավելի ուշ:
Այնուամենայնիվ, հետաքրքրվռցինք` քանի անդամ ունի «Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն»-ը, ինչին ի պատասխան՝ Գևորգ Հովսեփյանը նշեց, որ 2003-ից մինչ այսօր իրենց անդամների թիվը ո՛չ ավելացել է, ո՛չ պակասել` կազմելով շուրջ 2400 մարդ:
Նա նաև նշեց, որ կուսակցության վերջին նիստը կայացել է անցած շաբաթ, որի ընթացքում քննարկել են երկրի առջև ծառացած ամենատարբեր խնդիրներին առնչվող հարցեր:
Հարցին` մտադրություն չունեն միավորվել առավել խոշոր քաղաքական ուժի հետ, Գևորգ Հովսեփյանը պատասխանեց, որ միավորում հանուն միավորման չի լինում:
«Միավորումներ լինում են գաղափարախոսության և ծրագրերի շուրջ, իսկ այդպիսիք առայժմ չկան: Այդ է պատճառը, որ այս պահի դրությամբ միավորման հարց չենք քննարկում, սակայն ավելի ուշ` ամռանը, նման զարգացումներ հնարավոր են»,- ասաց նա` նշելով, որ մինչ այժմ «Նժդեհյան ցեղակրոն կուսակցությունը» որևէ ընտրության չի մասնակցել: