«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից ուժայիններին հրահանգ են իջեցրել, որ յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ, կառույցի ներկայացուցիչ, որը կհամարձակվի քննադատել դատական համակարգի ներկայացուցիչներին, խստագույնս կպատժվի։
Հրահանգված է՝ դատական իշխանությունների, իրավապահների հասցեին ոչ հաճելի ձեւակերպումներով ելույթները, հարցազրույցները չպետք է անպատիժ մնան, նման արտահայտություններ անողներին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս թեմայով ՍԴ նախկին դատավոր Վահե Գրիգորյանն է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին` իր բողոքն արտահայտելով իրավապահներին դատավորներին քննադատելու երեւույթից: Նա պնդել է` քանի որ գնում է ՄԻԵԴ, իսկ նրա անվան եւ համբավի վերաբերյալ արդեն իսկ վատ ասոցիացիաներ են ձեւավորվել, պետք է քայլեր ձեռնարկել: Նա դժգոհել է, որ վատ համբավի ձեւավորման պատճառը եղել են Էդգար Ղազարյանի քննադատությունները, մասնավորապես այն, որ Ղազարյանը եթերում ասել է, որ Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ փոխնախագահ, ինչպես նաեւ այն, որ ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցվել են արտահայտություններ, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, եւ որ այդ որոշումը կայացնող դատավորները կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան։
Հենց այս բողոքի ձայնից հետո էլ իրավապահները փութաջանորեն գործի լծվեցին, որպեսզի Էդգար Ղազարյանի նկատմամբ իրավական գործընթացներ սկսվեն: Ղազարյանի օրինակով Փաշինյանը նպատակ ունի ցույց տալու հանրությանը, որ ով կհամարձակվի դատավորի հասցեին վատ արտահայտվել՝ կարժանանա նույն ճակատագրին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունների հրահանգով սկսվել է բոլոր ընդդիմադիրների «խոսքի ուսումնասիրություն» եւ ովքեր դատաիրավական կամ իրավական ոլորտի ներկայացուցչի հասցեին վատ կարտահայտվեն, նրանց հետեւից «գնալու են»: Այսինքն` Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է եւ Էդգար Ղազարյանի դեպքը չի մնա եզակի:
Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որեւէ գույք չի բռնագանձվել: Բոլոր դեպքերում գույքի սեփականատերը, տարատեսակ ճնշումներից ելնելով, իր սեփականությունը նվիրաբերել է պետությանը: Իսկ ինչու է դժվար կամ անհնար բռնագանձման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է ԱԺ ՔՊ խմբակցության կողմից 2020 թվականի ապրիլի 16-ին, որը 2022 թվականի նոյեմբերի 23-ին ընդդիմադիր 2 խմբակցությունները բողոքարկեցին Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն ամիսներ շարունակ ուսումնասիրում էր դիմումը եւ վարույթ չէր ընդունում: Ի վերջո, կայացրեց աշխատակարգային որոշում՝ հարցեր ուղարկել ՀՀ դատախազությանը եւ մասնագիտական կարծիք ստանալու համար դիմել Վենետիկի հանձնաժողովին ու կասեցնել վարույթի քննությունը: Դատախազությունը 2023-ին արդեն պատասխանել է ՍԴ հարցերին: Իսկ Վենետիկի հանձնաժողովը, որը հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի եւ սահմանադրության համապատասխանության հարցերը որոշող կարեւորագույն օղակ, ՀՀ ՍԴ-ի դիմումի մասով տվել է մասնագիտական կարծիք, ըստ որի՝ օրենքը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, բայց բոլոր այն հիմքերը, հոդվածները, որոնց հիման վրա այսօր ՀՀ դատախազությունը բռնագանձումներ է տարածում, Վենետիկի հանձնաժողովը ճանաչել է Եվրոպական կոնվենցիային հակասող: Ավելին՝ կան նաեւ Եվրադատարանի հստակ նախադեպեր այս հարցի վերաբերյալ, որի մասին՝ հաջորդիվ: Իսկ ինչու ՍԴ-ն չի կայացնում որոշում` շարունակելով կասեցված պահել վարույթի քննությունը. այն պարզ պատճառով, որ դատավորները գիտեն` օրենքը հակասահմանադրական է, եւ չեն կարող իրենց վրա պատասխանատվություն վերցնել օրենքը Սահմանադրությանը համապատասխան հռչակելու առումով՝ Վենետիկի հանձնաժողովի փաստացի բացասական կարծիքի առկայության պայմաններում:
Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, բոլորովին վերջերս ՔՊ-ին անդամակցած Սարիկ Մինասյանը հայտնվել է բավականին ծանր վիճակում: Մեզ տեղեկություններ են հասնում, որ Մինասյանի դեմ ակտիվ պայքար են մղում ոչ միայն մյուս թեկնածուները, այլեւ մարզի ՔՊ-ականները, եւ դա խորքային պատճառ ունի. 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ Փաշինյանը սկսել է ընտրություններում առաջադրել մարդկանց, ովքեր, մեղմ ասած, հեռու են եղել 2018 թվականի իրադարձություններից ու «քայլած» չեն: Իսկ իր հետ «քայլածներով» հաջողության հասնելը Փաշինյանի համար դառնում է գրեթե անհնարին, ուստի փրայմերիզներով նա սկսել է ներգրավել թարմ դեմքերի՝ դրանով իսկ սահուն կերպով ազատվելով իր հետ քայլած, բայց, ըստ էության, հանրապետությունում ազդեցություն չունեցող ՔՊ-ականներից: Նման իրավիճակ է նաեւ Փարաքար համայնքում, որտեղ թեկնածուն նույնպես ընտրվել է փրայմերիզով ու «քայլած» չէ: Փաշինյանի նման դիրքորոշումը բնական է, քանզի իր թիմակիցները պարտություն են կրել հանրապետության համայնքների մեծագույն մասում, այդ թվում խոշոր քաղաքներում՝ Կապան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան եւ բազմաթիվ խոշորացված համայնքներում, իսկ Երեւանում Ավինյանը քաղաքապետ դարձավ կոալիցիայով՝ չնայած որ ընդդիմության միավորման դեպքում նա չէր դառնա քաղաքապետ: Ու նկատենք, որ նույն ծանր վիճակում է ՔՊ Երեւանի կառույցը: Փաստացի, ՔՊ-ի «հին» կազմը քաղաքական բեռ է Նիկոլի համար, իսկ այդ մարդկանց իր հետեւից տանելը դառնում է դժվար. ուստի թարմ դեմքերի հոսք է սպասվում 2026 թվականի ընտրություններից առաջ: Կարճ ասած, եթե Գյումրիում հաղթում է Սարիկ Մինասյանը, ապա մեկնարկելու է ՔՊ-ն քաղաքական 0-ներից մաքրելու գործընթացը, իսկ այս ամենը ողնաշարով զգացող կուսակցականների համար Սարիկն ու իր նմանները դառնում են ոխերիմ հակառակորդներ: Տպավորություն է, թե ՔՊ-ականները ուրախ կլինեն ընդդիմության հաղթանակով:
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցելու են նաեւ գործադիրի ներկայացուցիչներ` նախարարներ, կառավարությանն առընթեր կառույցների ղեկավարներ եւ այլն: Հանդիպումը նախաձեռնել է ՔՊ խմբակցությունը, ինչի մասին ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր: ԱԺ նստաշրջանից առաջ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները քննարկելու են առաջիկա անելիքները, Փաշինյանը ներկայացնելու է արտերկրյա վերջին այցերի արդյունքները, ձեւակերպելու է առաջիկա անելիքների մասին պատկերացումներ, որ ՔՊ-ականները «գծից չշեղվեն»:























