Բաքուն փակում է ԿԽՄԿ-ի գրասենյակը. ինչ կարող է ձեռնարկել ՀՀ-ն գերիների հետ կապը պահպանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը, ինչի մասին մարտի 5-ին հայտարարել էր Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակը այն հիմնական կառույցն էր, որի միջոցով հնարավոր էր լինում կապ պահել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հետ և տեղեկություններ իմանալ նրանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին՝ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ապահովվելու կապը հայ գերիների հետ և ի՞նչ եղանակով են տեղեկություններ ստացվելու նրանց վիճակի մասին։

«Արմենպրես»-ը թեմայի շուրջ զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ, մեկնաբանություններ է խնդրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Սիրանուշ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի գործունեության փակման պարագայում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հետ կոմունիկացիայի այդ խողովակն ամբողջովին դադարելու է, այն մեծացնելու է հոգեբանական տառապանքները և ստեղծելու է մեծ անորոշություն։ «Սա նշանակում է, որ Բաքվում պահվող հայերի ճակատագիրը մնում է բացառապես ադրբեջանական իշխանությունների քմահաճույքների տիրույթում, ինչը կարող է հավելյալ քաղաքական լծակ դառնալ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար»,- նշել է Սահակյանը։

Սահակյանը նկատեց, որ այս պահին միակ կառույցը, որը հնարավորություն ունի անմիջականորեն տեսակցել ռազմագերիներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որը, չունենալով խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, բոլոր դեպքերում մարդասիրական առաքելություն է իրականացնում, իսկ տեսակցությունները դրական ազդեցություն են թողնում այնտեղ պահվող հայ գերիների վրա։

Ըստ նրա՝ տրամաբանական է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման, ժողովրդավարացման անկման տենդենցներին զուգահեռ հատուկ միջոցներ են ձեռնարկվում այդ վիճակն արձանագրող կառույցների գործունեությունը սահմանափակելու մասով, այսինքն, եթե կա վիճակի վատթարացում, պետք է կանխել այդ վիճակի վատթարացումն արձանագրող կառույցների ներկայությունը և նաև այդ վիճակի արձանագրումն ու փաստագրումը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պարագայում ակնհայտ է դառնում ադրբեջանական կողմի թիրախավորված գործելակերպը, քանի որ գրասենյակի հիմնական գործունեությունը կապված է հակամարտության մարդասիրական հետևանքները մեղմելու հետ, և այստեղ հիմնական շահառուն հայերն են` պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, իսկ Կարմիր խաչն, ըստ էության, ներպետական մարդու իրավունքների հարցերով ներգրավվածություն չունի»,-ընդգծել է միջազգային իրավունքի մասնագետը։

Խոսելով այն մասին, թե ի՞նչ քայլեր կարող է անել հայկական կողմը Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի փակվելու դեպքում՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրավիճակը մեղմող միջոցառում կարող է լինել խոշտանգումների հարցերով զբաղվող այլ կառույցների ներգրավվածությունը մեծացնելը, օրինակ` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, որը գործում է Եվրոպայի խորհրդի շրջանակներում կամ խոշտանգման հարցերով ՄԱԿ-ի հատուկ մանդատագիրը։ Նրա խոսքով՝ վերջիններս որոշակի պատասխանատվություն պետք է ստանձնեն, և չափազանց կարևոր է նաև այլընտրանքային պայմանավորվածություններ ձեռք բերելը դիվանագիտական, հյուպատոսական հասանելիություն ապահովելու նպատակով։

Սահակյանը շեշտեց՝ Վիեննայի կոնվենցիան նախատեսում է, որ այլ երկրներում պահվող օտարերկրյա քաղաքացիները դիվանագիտական հյուպատոսական այցելությունների իրավունք ունեն։ «Սա բացարձակ իրավունք է և կարևոր է արդար դատաքննության համար։ Պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ՝ այդ հյուպատոսական այցելությունը չեն կարող իրականացնել մեր հյուպատոսական աշխատակիցները, բայց հնարավորություն կա պատվիրակել իրավունքի իրականացումը 3-րդ չեզոք երկրների, և սա էր պատճառը, որ նաև հասարակական կազմակերպությունները համախմբվեցին ու հատուկ կոչ ներկայացրին նաև Շվեյցարիայի իշխանություններին` իրենց միջոցով ապահովելու հյուպատոսական տեսակցության իրավունքի ապահովումը»,-նշել է Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ սա որոշակի հակակշիռ կարող է լինել, բայց այն իրագործելու համար դիվանագիտական ջանքերը պետք է մեծանան, որպեսզի այս պայմանավորվածությունը ձեռք բերվի և  իրացվի։

Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի փակվելու դեպքում հայկական կողմից դիվանագիտական ջանքերն ավելացնելու և դիվանագիտական այլ խողովակներ օգտագործելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հիշեցրել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 5-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունը, որում նախարարը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում Ադրբեջանում կամայականորեն պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի շուրջ, մատնանշել էր վերջին օրերին այդ ուղղությամբ ԱԳ նախարարության իրականացրած ակտիվ աշխատանքները։

«Ես ուզում եմ մի շաբաթվա կամ 10 օրվա թարմության մի քանի տեսանելի բաներ թվարկել: Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը, թերևս, այս հարցով ամենապատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ հրապարակային ելույթ, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային և այդ «դատավարություններում» գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային: Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ: Այս ամբողջը վերջին մի շաբաթվա-տասը օրվա բան եմ ասում: Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ. կրկին, այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում: Մեր հանդիպումից երկու-երեք օր անց Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը` Վոլկեր Տյուրկը, հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց»,-իր խոսքում նշել էր ՀՀ ԱԳ նախարարը։

Միջազգային իրավական հարցերով  ՀՀ ներկայացուցչի գրասենյակից նշել են՝ թեև  Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների հետ կապը, ինչպես նաև նրանց մասին մշտական տեղեկություններն ապահովում է ԿԽՄԿ-ն, այդուհանդերձ, դա կապի միակ միջոցը չէ։

«Անազատության մեջ պահվող անձանց մասին որոշակի տեղեկություններ ստացվում են նաև Եվրոպական դատարանի միջոցով։ Քանի որ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն միջազգային իրավական գործընթացներ, քանի որ կա որոշակի պահանջ, և նախկինում դատարանի կողմից եղել են որոշումներ միջանկյալ միջոց կիրառելու մասին, դրանց շրջանակներում պատասխանող կողմը (խմբ․ Ադրբեջանը) պարտավորություն ունի որոշակի պարբերականությամբ տեղեկատվություն տրամադրել այդ անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի վերաբերյալ»,-նշել են գրասենյակից՝ ընդգծելով, որ, բնականաբար, սա չի կարող նույնականացվել ԿԽՄԿ-ի գործունեության և նրանց կողմից ստացվող պարբերական տեղեկությունների հետ։

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մասին։ Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է փակել նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):




Լրահոս