Ապրիլի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։ Ապրիլի 10-ին Երևանում տեղի է ունեցել պատանի հրշեջ-փրկարարների ամենամյա միջազգային հավաքին մասնակցելու նպատակով Հայաստանի թիմի ձևավորման նախընտրական փուլը։
Ապրիլի 17-ին կկայանա թիմի ձևավորման հանրապետական փուլը, որին կմասնակցեն պատանիներ նաև Արցախից։
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց մարզերում նոր հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքների ընթացքի մասին։
Այս պահի դրությամբ Լոռիում, Արարատում և Արմավիրում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև մարզային ՃԿԿ-ների և 911 ծառայության ստեղծման աշխատանքների մասին։
Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանն ԱԻՆ համակարգում երկարամյա անբասիր ծառայության, մասնագիտական բարձր պատրաստականության համար «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով պարգևատրեց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ նախկին տնօրեն Բորիս Պետրոսյանին։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն