«Առավոտ» թերթը գրում է. «Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքական դեմք է, և նրա նշանակումը զուտ քաղաքական քայլ է։ Երբ ասում էին, որ վարչապետի թեկնածությունը պետք է բոլորի համար ընդունելի լինի, խոսքը հենց քաղաքական շրջանակների մասին էր, և առաջին հերթին՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի գործարարի մասին։ Մնացածների կարծիքը տվյալ դեպքում երկրորդական է՝ ով փող ունի, նա էլ երաժշտություն է պատվիրում։
Կառավարություն կգան ավելի պրագմատիկ մարդիկ, որոնք չեն ընկնի տեսությունների, երևակայական պատկերների հետևից։ Կդադարեն թեև գեղեցիկ, բայց անպտուղ խոսակցությունները «Գյումրիի տեխնոպարկի» և «Դիլիջանը՝ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն» դարձնելու մասին։ Իսկ, օրինակ, Հյուսիս-Հարավ ժամանակակից ավտոմայրուղին պետք է սարքել՝ ոչ այնքան այն պատճառով, որ առանց այդ ճանապարհի մենք չենք կարողանա ապրել, այլ՝ որովհետև մի հատվածում աշխատանքներն արդեն սկսվել են՝ հիմա դա թողնելը կհիշեցնի «երկրորդ այիբի» պատմությունը։
… Ոմանք ասում են, որ կառավարությունը Մոսկվայից են փոխել։ Կրեմլին իբր դուր չէր գալիս, թե ինչպես է Տիգրան Սարգսյանի թիմը աշխատում մաքսային համաձայնագրերի վրա, և հիմա նոր կառավարությունն ավելի լավ կաշխատի։ Հավանաբար, նաև դա նկատի ուներ ՀՀ առաջին նախագահը, երբ ասում էր․, որ քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում շատերը իսպառ կորցրել են հումորի զգացումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։