Դոնեցկի մարզի հյուսիսում գիշերը սկսվել է ուժային օպերացիա: Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարել է Ռադայի խոսնակ և Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
«Այսօր առավոտյան Դոնեցկի հյուսիսում սկսվել է հակաահաբեկչական օպերացիան, այն կանցկացվի փուլ առ փուլ, պատասխանատու և կշռադատված»,- ասել է Տուրչինովը, ընգծելով, որ հատուկ օպերացիայի նպատակը «մարդկանց պաշտպանությունն է»:
Ի պատասխան պատգամավոր Վլադիմիր Լիտվինովի առաջարկին` անմիջապես հրավիրել ուժային գերատեսչությունների ղեկավարներին` պատգամավորներին հաշվետվություն ներկայացնելու նպատակով, Տուրչինովը հայտնել է, որ այս պահին դա հնարավոր չէ:
Խոսնակը խոստացել է ուժայիններին խորհրդարան կանչել հաջորդ առավոտյան, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: