Ապրիլի 29-ին Մինսկում տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ, որին պետք է մասնակցի նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Այդ օրը կհստակեցվի, թե երբ կարող է ստորագրվել Մաքսային միությանն անդամակցության մասին փաստաթուղթը:
Սակայն պետք է նշել, որ 900 ապրանքի մաքսատուրքերի իջեցման շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել, և չի հստակեցվել՝ դրանց մաքսատուրքերը կմնան նույնը, թե կբարձրանան:
Armlur.am-ը ՄՄ անդամակցության շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի հետ:
– 900 անուն ապրանքների մաքսատուրքերի հարցը կարող է լինել այն դեպքում, երբ մենք մտնենք ՄՄ: Երբ պատրաստ լինի պայմանագիրը, նոր կսկսեն գործել մաքսատուրքերը: Բանակցությունների հարցը նաև քաղաքական բնույթ ունի: Բացի այդ 900 ապրանքի խնդրից՝ կան նաև այլ հարցեր, որոնք նույնպես պետք է բանակցությունների արդյունքում լուծում ստանան,-ասաց Մելքումյանը:
– Ապրիլի 29-ին կարող է ստորագրվել անդամակցության մասին փաստաթուղթը: Եթե մինչ այդ բանակցությունները չավարտվեն, ի՞նչ կարող է լինել:
– Փաստաթուղթը կարող է ստորագրվել, բայց թե երբ այն կարող է մտնել ուժի մեջ, դեռ պարզ չէ: Ամեն ինչ պետք է արվի, որ այդ ապրանքները չթանկանան, իսկ եթե դա չհաջողվի, ուրեմն մենք լավ բանակցություններ վարել չգիտենք:
– Ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, մասնավորապես` վարչապետի և կառավարության փոփոխությունը ինչպե՞ս կարող են ազդել ՄՄ անդամակցության վրա:
– Ես կարծում եմ, որ էական ազդեցություն ունենալ չեն կարող, քանի որ թե նախկին, թե ներկայիս վարչապետը ՀՀԿ-ական են և դա նրանց նախաձեռնությունն է:
– Ռուս փորձագետներ նշում են, թե Հայաստանը չի կարող տեղավորվել սահմանված ժամկետում և չի հասցնի անդամակցել Մաքսային միությանը: Համաձայն ե՞ք այս տեսակետի հետ:
– Ես չեմ կարծում, որ այդպիսի բան կարող է լինել, և կարծում եմ, որ ՄՄ-ին լիակատար անդամակցությունը տեղի կունենա տարվա վերջին:
Նաիրա Հովհաննիսյան