Խմբակցության ղեկավարներից ով ինչ կրթություն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթված պաշտոնյա ունենալը լավ է ցանկացած դեպքում, սակայն շատ են դեպքերը, երբ մեր բարձրաստիճան պաշտոնյաները կրթություն են ստացել պաշտոնավարելու հետ մեկտեղ, կամ էլ սկսել են մտածել կրթություն ստանալու մասին բարձր պաշտոնի մասին լսելուց հետո: Սակայն, կան և այնպիսինները, որոնք սովորել են մի քանի բուհեր և միգուցե բավարար կրթություն ստացել:

Այսօր armlul.am-ը կներկայացնի, թե ԱԺ խմբակցության ղեկավարներից ով ինչ կրթություն է ստացել:

Սկսենք մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից: Նա 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ բանասեր է:

Թերևս, Սահակյանը հանդիսանում է այն քիչ պատգամավորներից, ով իր ստացած գիտելիքներն ու մասնագիտությունն օգտագործել է գործնականում: 1972-1991թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցիչ է եղել, նաև՝ ըմբշամարտի մարզիչ:

Նշենք, որ նա 1996թ. բազկամարտի աշխարհի, և 1998թ.՝ Եվրոպայի չեմպիոն է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այն պատգամավորներից է, ով կրթություն է ստացել նաև արտերկրում:

1985թ. նա ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1988թ.` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: Մասնագիտությամբ ֆիզիկոս է: 2000թ. ավարտել է ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերություններ և պետական կառավարում ֆակուլտետը: Միջազգային հարաբերությունների մագիստրոս է:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 1991թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

Նա նույնպես աշխատել է իր մասնագիտությամբ: 1994-2008թթ. աշխատել է ուսուցչուհի Երևանի թիվ 191 դպրոցում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտությունների ֆակուլտետը:

Մասնագիտությամբ ֆիզիկոս է:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ 1976-1980թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1980-1983թթ. նպատակային գործուղմամբ ուսումը շարունակել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

Լրագրող է, քաղաքական գիտությունների թեկնածու:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս