«Պահանջում են փորձառու մասնագետ, ինչը բուհն ավարտած երիտասարդը չունի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Global HR մենեջեր Նաթելա Շահնազարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով երիտասարդների գործազրկությունից, ասաց, որ այսօր մեզանում գրեթե վերացել է գործատուների կողմից մինչև 25 տարեկանների աշխատանքի ընդունման տենդենցը. «Այսօր ավելի քիչ է հանդիպում «պահանջվում է գեղեցիկ արտաքինով վաճառողուհի» բովանդակությամբ հայտարարությունը»:

Բանախոսն ասաց, որ այսօր գործատուները պահանջում են աշխատանքային փորձով մասնագետներ, ինչը բուհն ավարտած երիտասարդը չունի: Բացի այդ` երիտասարդները չեն ուզում կամավոր սկզբունքներով աշխատել, ինչը ունենում է իր բացասական հետևանքները` ավելանում է գործազրկությունը»:

Նա նշեց, որ երիտասարդները հիմնականում նախընտրում են աշխատել որպես իրավաբան, տնտեսագետ և վերլուծաբան:

Նաթելա Շահնազարյանի փոխանցմամբ` այսօր դժվար է աշխատանք գտնելը ոչ միայն երիտասարդների, այլև` տարեց մարդկանց շրջանում, քանի որ ամեն ինչ դառնում է էլեկտրոնային տարբերակով, ինչը դժվար է տարիքով մարդկանց համար:

Հավելենք, որ անցյալ տարվա երկորդ կիսամյակում Հայաստանում գործազրկությունը կազմել է 16.2 տոկոս` ըստ Հայաստանում անցկացված վիճակագրության, սակայն Global Unemployment Trends-ի տվյալներով` 2013 թվականը ռեկորդային էր, գործազրկությունը կազմել է 18.64 տոկոս:




Լրահոս