ՀՀԿ-ն կորոշի՝ մասնակցել «քառյակի» նիստին, թե` ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվել է չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումը, որի ընթացքում որոշում է կայացվել արտահերթ նիստ հրավիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ:

Դա հնարավորություն կտա կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված պատկերն ավելի հստակեցնել: Նախատեսվում է ԱԺ-ի արտահերթ նիստ անցկացնել ապրիլի վերջին: Չորս ուժերը նաև հույս են հայտնել, թե արտահերթ նիստին կմասնակցի նաև իշխող կոալիցիան:

armlur.am-ը կապ հաստատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ` հասկանալու համար, թե իրենք պատրաստ են մասնակցել ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը:

Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, թե արտահերթ նիստ անցկացնելու որոշում չորս ուժերը կայացրել են միայն 5 րոպե առաջ և 5 րոպեի ընթացքում, բնականաբար, կուսակցությունը չէր կարող որևէ պաշտոնական որոշում կայացնել:

«Պետք է տեսնել, թե ինչ հարցեր են նախատեսել քննարկել արտահերթ նիստում, որն է նպատակը», – նշեց նա, հավելելով, թե կարող են հայտնել դիրքորոշում միայն արտահերթ նիստի նպատակին և հարցերին ծանոթանալուց հետո:

Նման դիրքորոշում Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում հայտնեց նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը:

«Եթե նման արձագանքներ կան, բնականաբար, կքննարկենք, և մեր մասնակցության ձևը կորոշենք», – նշեց նա:

Մեր այն հարցին, թե օրեցօր ամրացող քառյակի գործունեությունն արդյոք չի՞ անհանգստացնում իշխանություններին, Գալուստ Սահակյանը նշեց. «Նրանց գործունեությունն առանձնակի խնդիրների շուրջ է, այսինքն` որպես քաղաքական ինստիտուտ քառյակը դեռևս չի ձևավորվել, որովհետև կոնկրետ խնդիրներով են առաջնորդվում, այլ ոչ թե հեռահար նպատակներ հետապնդում», – նշեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս