Եվրամիությունը, այդ թվում՝ Գերմանիան՝ որպես դրա առաջատար անդամ, կարող էր առավել ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում: Գերմանական EurActiv-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ըստ նրա՝ անվստահությունը հաղթահարելու եւ միմյանց նկատմամբ վերաբերմունքը փոխելու հարցում դրական փոխգործակցության նպատակին կարող են ծառայել տարածաշրջանային նախագծերը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ թե բացառման սկզբունքի վրա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ է եւ երկու մյուս համանախագահների` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ օգնում է հիմնախնդրի կողմերին հասնել խաղաղ կարգավորման` հիմնվելով բանակցությունների վրա, նշել է նախագահը:
Պատասխանելով միջազգային հանրությունից սպասելիքների վերաբերյալ հարցին` Աշոտ Ղուլյանը հիշեցրել է, որ այն կարեւոր դեր ունի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անբեկանելիության եւ ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու հարցում:
«Բռնությունից հրաժարվելու եւ նախկինում ձեռքբերված համաձայնություններին հետեւելու վերաբերյալ միջազգային հանրության կողմից հստակ ազդանշանը մեծ ներդրում կլիներ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու հարցում»: