Ինչո՞ւ ՕԵԿ-ը հեռացավ ՀՀԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Սերժ Սարգսյանի կողմից տարիներ առաջ ձևավորված «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայի կազմից, բոլորի մոտ բնական հարց առաջացավ` ինչո՞ւ: Սա թերևս ունի երկու պատասխան:

Փորձենք վերլուծել`

Ա. Արթուր Բաղդասարյանին Սերժ Սարգսյանը գործուղեց ընդդիմադիր դաշտ՝ զսպելու ՀՀ վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանի նախագահական ամբիցիաները: Այսինքն՝ Հ. Աբրահամյանին մրցակից ապահովեց դաշտում, որպեսզի նա վարչապետի աթոռին նստած իրեն չպատկերացնի որպես ՀՀ նախագահի անփոխարինելի իրավահաջորդ: Եվ ինչպես ԲՀԿ-ն էր պայքարում Տիգրան Սարգսյանի դեմ, այնպես էլ ՕԵԿ-ը կպայքարի Հովիկ Աբրահամյանի դեմ:

Բ. Սերժ Սարգսյանը լավ ուսումնասիրելով քաղաքական դաշտը, հասկացել է, որ եվրոպական արժեքներ քարոզող գործիչների կարիք կա այսօր: Իսկ ո՞վ կարող է ավելի լավ խաղալ այդ «փուչիկ» դաշտում, եթե ոչ քաղաքական կարիերայի ընթացքում մի քանի «կաշի փոխած» Արթուր Բաղդասարյանը: Ինչպես հայտնի է, ՕԵԿ-ը նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ է, նախկինում Ա. Բաղդասարյանը համարվում էր Ֆրանսիայի սիրելի գործիչը: Այսինքն՝ նա կարող է եվրոպական թևում «խաղալ»՝ պահպանելով կոնյակավաճառության հարաբերությունները Ռուսաստանի դաշնության հետ:

Սակայն  Սերժ Սարգսյանի կողմից գծագրված սցենարով «ընդդիմանալը» ՕԵԿ-ում այնքան լուրջ են ընդունել, որ շատ կուսակցականներ Արթուր Բաղդասարյանին համարում են ՀՀ ապագա նախագահը: Եվ ով որ չի համաձայնում այդ տեսակետի հետ, դառնում է Արթուր Բաղդասարյանի և իր սակավաթիվ թիմակիցների «աչքի փուշը»:

Այստեղ արժե հիշեցնել, որ 2008 թվականին, երբ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը չկանգնելով հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիների կողքին, վաճառվեց և ընդունեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ այլևս երբեք ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրվի: Կարծես թե եկել է նաև այս խոսքերը դրժելու պահը: Ի վերջո Արթուր Բաղդասարյանի համար խոսքերից հրաժարվելը «մի կում ջուր խմելու» պես մի բան է:

Կարծում ենք, որ որևէ մեկը չի մտածում, թե ՕԵԿ-ը ազնիվ մղումներով դուրս է եկել կոալիցիայի կազմից և հանկարծ հիշել ժողովրդի հոգսերի մասին: Պարզապես Արթուր Բաղդասարյանը ինչպես ավանդաբար, այս անգամ ևս, ժողովրդի աչքին թոզ փչելով, տեղավորվեց Սերժ Սարգսյանի կողմից գծագրված սցենարի մեջ: Շախմատիստ Սարգսյանը որոշել է ապականել և տիրանալ ՀՀ քաղաքական դաշտին ամբողջությամբ: Նա իշխանության մեծամասնությունն իր ձեռքին է կենտրոնացրել, ընդդիմադիր դաշտն էլ արհեստական ուժերով է լցնում, որպեսզի նոր ուժեր չծնվեն և վտանգ չսպառնան նրա իշխանությանը:

Անի Ստեփանյան




Լրահոս