ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով՝ ՕԵԿ-ը ընդդիմություն դառնալով` կսկսի համագործակցել ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշելով այս մասին,պատգամավորը հավելեց, թե պետք չէ թշնամաբար տրամադրվել միմյանց հանդեպ և, թե ցանկացած որոշմանն պետք է ըմբռնումով մոտենալ: Միաժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ՕԵԿ-ն օգտագործել է իրենց ուժը` խորհրդարան մուտք գործելու համար:
Մեր այն հարցին, թե իր կարծիքով, այսքանից հետո ընդդիմությունը կհամաձայնվի համագործակցել ՕԵԿ-ի հետ, թե վախ կունենա, որ մի օր էլ իրենց կարող է թողնել, նա պատասխանեց:
«Քաղաքականության մեջ որոշակի ուժեր գնում են համագործակցության, կոմպրոմիսների` իմանալով, թե ում հետ գործ ունեն: Բայց, եթե այսօր նպատակները համընկնում են, ինչու չհամագործակցել: Համագործակցում են` լինի ընդդիմությունը ընդդիմության հետ, թե իշխանական ուժերն իրար հետ, մի բան պարզ է` որևէ մեկը թշնամի չէ, բոլորը հայ են: Ճիշտ է ամեն մեկն իր տեսլականն ունի, իր լավ և վատ մտադրություններն ունի, սակայն պատմություն սարքել` պետք չէ», – նշեց նա:
Մանվել Բադեյանի խոսքով՝ վստահությունը քանակապես չափվող կատեգորիա է և քանակապես հաշվվում է ընտրությունների ժամանակ:
«Պետք չէ էմոցիաների դաշտից խոսել: Ընտրությունները կգա, պարզ կլինի, թե ում ինչքան են վստահում», – նշեց նա:
Նաիրա Հովհաննիսյան