ArmLur.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զրուցել է Մայր Աթոռի միաբան, «Գարեգին I» գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Տեր Շնորհք աբեղա Սարգսյանի հետ։ Զրույցը հիմնավորապես վերաբերում էր իշխանություն-եկեղեցի փոխհարաբերություններին։
Հարցազրույցի առաջին մասը «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ՝ 3138 համարում (19.08.2025):
-Հա՛յր Սուրբ, եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների ֆոնին, երբ, ինչպես արդեն խոսել էինք, հաճախ հնչում են քննադատություններ նաեւ եկեղեցու հասցեին, նշվում է նաեւ, թե իշխանության ներսում կան անձինք, որոնք աթեիստ են, Աստծուն չեն հավատում, եւ հենց այդ պատճառով էլ մշտապես քննադատական վերաբերմունք են դրսեւորում եկեղեցու հանդեպ։ Ըստ Ձեզ՝ կա՞ նման բան։ Արդյո՞ք սա է առաջացրել նրանց քամահրանքը կամ նույնիսկ ատելությունը եկեղեցու եւ հոգեւորականության նկատմամբ։ Չէ՞ որ նրանց խոսքում հաճախ առկա է վրդովմունք. նրանք չեն հանդուրժում եկեղեցու քայլերն ու հայտարարությունները, երբեմն նույնիսկ Վեհափառի հանդուրժողականության մասին հայտարարություններն են համարում անընդունելի։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, այս ամենի պատճառը։
-Հոգեւոր դաշտը եւ հավատքը այնպիսի միջավայր են, որտեղ որեւէ մեկը չի կարող ճշգրիտ հասկանալ կամ չափել դիմացինի հավատքի խորությունը։ Սա չափազանց անձնական եւ ներքին դաշտ է, որի մեջ մտնելը ճիշտ չէ։ Այդ իսկ պատճառով ես երբեք չեմ փորձի դատել կամ կշռադատել որեւէ մեկին նրա հավատքի չափով։ Իբրեւ հոգեւորական, իբրեւ հայ ժողովրդի ծառա եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավոր՝ իմ պարտքն եմ համարում աղոթքով, անձնական օրինակով ու ծառայությամբ օգտակարություն բերել իմ ժողովրդին, պետությանը եւ հայրենիքին։ Վստահ եմ, որ մարդուն կարելի է օգնել ոչ թե քննադատությամբ կամ դատելով, այլ առաջին հերթին սիրով, աղոթքով եւ ծառայությամբ։
-Հա՛յր Սուրբ, բայց այսօր արդեն հասել ենք մի կետի, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եկեղեցու կանոնակարգերը պետք է փոխվեն։ Արդյո՞ք վարչապետը նման իրավասություն ունի։ Կարո՞ղ է նա որեւէ կերպ նախաձեռնել կամ պարտադրել այդ փոփոխությունները։
-Եկեղեցին, իբրեւ հաստատություն, ունի խորքային եւ բազմաշերտ կառուցակարգեր, որոնք երբեմն կարող են անընկալելի կամ դժվար հասկանալի թվալ արտաքին աշխարհին։ Այստեղ միայն մարդկային գործոնը չէ որոշիչ։ Պետք է հիշել, որ եկեղեցին ունի ընկալման երկու հարթություն. առաջինը՝ ադմինիստրատիվ եկեղեցին, որը մենք տեսնում ենք հոգեւորականության եւ կառույցների միջոցով, եւ երկրորդը՝ եկեղեցին որպես Քրիստոսի մարմին։ Այս երկու հարթությունները սերտորեն կապակցված են միմյանց։ Եթե փորձենք բացառել Աստծո ներկայությունն ու շնորհը, ինչպես նաեւ այդ շնորհից բխող իմաստությունը, ապա գուցե կառավարչական տեսանկյունից հնարավոր լինեն որոշ փոփոխություններ, մոդեռնիզացիայի փորձեր։ Սակայն այդ պարագայում եկեղեցին կդադարի եկեղեցի լինելուց. այն կվերածվի սովորական հաստատության։ Իսկ եկեղեցու հիմնական դերը Տիրոջից մեզ տրված առաքելությունն է՝ երկնքի Արքայության քարոզչությունը։ Այդ քարոզչության շարունակականությունն իրականացվում է Եկեղեցու միջոցով։ Եթե մենք բոլորս, որպես քրիստոնյաներ, գիտակցենք մեզ տրված այս գլխավոր ճշմարտությունը, ապա մնացած բոլոր հարցերը մեզ համար դառնում են ավելի պարզ եւ լուծելի։
Իմ համեստ կարծիքով՝ հայտարարություն անելուց կամ որեւէ քայլի դիմելուց առաջ անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել այդ հարցերը։ Եթե կան մտահոգություններ կամ անհանգստություններ, վստահ եմ, որ հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատրաստակամ է՝ նստելու քննարկումների սեղանի շուրջ, երկխոսելու եւ երկկողմանիորեն հասկանալու՝ ինչպիսին է մեր պատկերացումը եկեղեցու հանդեպ։ Այդ մոտեցումն ավելի կառուցողական եւ խաղաղարար ճանապարհ է՝ գտնելու փոխըմբռնում եւ լուծումներ։
Ես համոզված եմ, որ ողջախոհությունը ի վերջո կհաղթի։ Այսօր առկա լարվածությունը ժամանակի ընթացքում կհարթվի, եւ փոխադարձ լսելու, երկխոսելու ու համագործակցելու պատրաստակամությամբ հնարավոր կլինի հաղթահարել բոլոր դժվարությունները։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ























