Օրեր առաջ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բուզանդի փողոցի բնակտարածքների բնակիչներին: Նա լսել է բոլոր բնակիչների խնդիրները և ընդգծել, որ դրանք մշտապես լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Բնակիչ Լյովա Մնացականյանը armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ որևէ բան դեռ չի փոխվել: Նա նշեց, որ կառավարության համապատասխան որոշումից հետո լուծվել են միայն այն բնակիչների խնդիրները, ովքեր համաձայնվել են գումարային փոխհատուցում ստանալ:
«Ով էլ չի համաձայնվել նման փոխհատուցման` խոստացել են լուծել խնդիրները: Հովիկ Աբրահամյանն էլ ասում է, որ պետբյուջեով գումար չկա, որով կկարողանան լուծել այդ խնդիրները», – նշեց նա:
Մեկ այլ բնակիչ տիկին Մարինան էլ նշեց, թե հիմա էլ «Լոգիկոն» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Պետրոսյանն է բնակիչներին իր մոտ կանչել:
«Կառավարությունն այնպիսի որոշում է կայացրել, որ 40քմ2 –ի համար տալիս է 44.000 դոլար, որը գիտես որ Կենտրոնում ոչինչ չես կարող առնել: Ես իրեն ասեցի փոխի Կառավարության որոշումը, ինքն ասեց հնարավոր չի», – նշեց նա:
Բնակչի խոսքով, Հովիկ Աբրահամյանը չէ խոստացողն ու լուծողը, այլ նշված ՍՊԸ-ի տնօրենը, որի հետ հանդիպումից հետո էլ պարզ կլինի Բուզանդի և հարակից փողոցների բնակիչների ճակատագիրը:
Հիշեցնենք, որ հիշյալ տարածքները կառավարության համապատասխան որոշմամբ ճանաչվել են գերակա շահ և օտարվել, իսկ բնակիչներին խոստացվել էր, որ կարճ ժամկետում խնդիրը լուծում կստանա:
Նաիրա Հովհաննիսյան