«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են ՀՀ 2012թ. պետական բյուջեի քվեարկության ժամանակ պատգամավորները քվեարկում բացակաների փոխարեն, որպեսզի չտապալեն 2012-ի բյուջեի քվեարկությունը: Արդյունքում՝ նախագիծը 66 «սահմանային» կողմ, 2 դեմ ձայնով ընդունվեց: Բայց եթե խորհրդարանական ընդդիմությունը պայքարեր կրկնակի քվեարկության դեմ, ավելին, դաշնակցական Գագիկ Գեւորգյանն ու «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը չմասնակցեին եւ դեմ չքվեարկեին բյուջեին, չէր ապահովվի անհրաժեշտ քվորումն, ու բյուջեն չէր ընդունվի: Ստացվում է, որ մի կողմից խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը, մյուս կողմից էլ` աջակցում նրանց, ինչի արդյունքում երեկ ՀՀ վարչապետն իր թիմով ԱԺ դահլիճից դուրս եկավ լայն ժպիտով. բյուջեն ընդունված էր:
«Սա ոչ թե պետական բյուջե է, այլ նախընտրական բյուջե, որը կոալիցիան ընտրել է իր քարոզարշավի համար: Սա պետական միջոցների յուրացում է»,-քվեարկությունից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Իսկ ՀԱԿ անդամ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը վարչապետի գործունեության մասին այսպես արտահայտվեց. «Իր մոտ արտահանման ծրագրերից լավ է աշխատում միայն երկրից մարդկանց եւ կապիտալի արտահանումը»: Հիշեցնենք, որ ՀՀԿ տնտեսական համաժողովի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր. «Առաջին հերթին մեզ լքել են երիտասարդ կառուցվածք ունեցող միգրանտներ»:
ՀՅԴ-Ն ՕԳՆԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ