ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ բաց նամակով դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին` ասելով, որ Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվեն նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ում ներդրված ավանդները: Միաժամանակ ՀԱԿ-ի մտահոգության կենտրոնում է նաեւ նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաեւ ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը: Հետեւաբար, ՀԱԿ-ը ցանկանում է ստանալ համապատասխան տեղեկություններ վերոհիշյալ հարցերի վերաբերյալ:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, կառավարությունն ինչպե՞ս պետք է արձագանքի ընդդիմության այս առաջարկին, եւ ընդհանրապես, հնարավո՞ր է երբեւէ լուծել ավանդների հարցն այնպես, որ մարդիկ գոհ մնան:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժառանգություն»-ը քանի տարի շարունակ ոչ միայն բյուջեում փորձել է ավելացնել ավանդների վերադարձման գումարները, այլեւ տարբեր առաջարկություններ է արել: Ավանդները վերադարձնել ըստ էության նշանակում է տալ բոլորին, թեկուզ եւ ժամանակացույցով, բայց մենք պատասխան ենք ստացել, որ իրենք ավանդների փոխհատուցում չեն տալիս, պարզապես այդ ավանդների դիմաց գումարի չափով օժանդակություն են տալիս սոցիալապես անապահով ավանդատուներին ու վերջ: Նույն բանը գրելու են ՀԱԿ-ին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Թե ինչ կպատասխանի կառավարությունը, պարզ է, նմանատիպ հարցադրում հնչել է նաեւ խորհրդարանական ընդդիմության կողմից: Արդեն 3-4 տարի է, եթե չեմ սխալվում, նման քվորում կա, որ ավանդները պետք է աստիճանաբար վերադարձվեն: Այն, որ Լեւոն Զուրաբյանը հարցադրումը ներկայացրել է կառավարությանը, ինքնին պարզ է, որ նախընտրական ժամանակաշրջան է, եւ նա հիշեց այդ մասին, թեպետ կարող էին նախորդ 3-4 տարիների ընթացքում նմանատիպ հարցադրումով հանդես գալ: Չեմ կարծում, որ սա լուրջ մտահոգություններից ելնելով է, որ պետք է ժողովուրդն էլ գոհ մնա, ընդամենը պետք է ժողովուրդը հասկանա, որ այս ժամանակահատվածում տարբեր քաղաքական ուժեր շահարկելու են այս խնդիրը եւ նմանատիպ սոցիալական այլ խնդիրներ, որպեսզի որոշակի դիվիդենտներ հավաքեն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների մասին տեղեկություն Լեւոն Զուրաբյանը կարող է գտնել ցանկացած տեղ, որովհետեւ հարցի վիճակը ոչ մի կերպ չի փոխվել` սկսած 90-ական թվականներից մինչեւ այսօր. ինչ ավանդներ եղել են, դրանք էլ մնացել են. ոչինչ չի փոխհատուցվել, գրեթե ոչինչ: Ավանդների վերադարձումն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսական զարգացման, ճգնաժամի հաղթահարման եւ այլ խնդիրների հետ: Քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել, խոսել ավանդների վերադարձի մասին կլինի ուղղակի պոպուլիստական:
«Հնչակյան» կուսակցության անդամ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ