Armenian text to speach

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին,  նշվում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ 1948 թվականի հենց այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որում առաջին անգամ հստակ ձեւակերպվեցին մարդու եւ անհատի հիմնական իրավունքները։ 1950 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկեց ամեն տարի դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ինչը մինչ օրս իրականացվում է ամբողջ աշխարհում։

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակից երկրները ձեւակերպեցին «Չորս ազատությունները»՝ խոսքի ազատություն, կրոնի ազատություն, ազատություն վախից եւ ազատություն կարիքից։ Սրանք դարձան պատերազմի գլխավոր գաղափարներից։ ՄԱԿ-ի Կանոնադրությունն էլ վերահաստատեց հավատը մարդու հիմնարար իրավունքների, մարդու արժանապատվության եւ արժեքի նկատմամբ՝ պարտավորեցնելով անդամ պետություններին խթանել իրավունքների եւ ազատությունների համընդհանուր հարգանքը՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ կրոնից։

Պատերազմից հետո, երբ լիովին բացահայտվեցին նացիստական ռեժիմի գործած զանգվածային հանցագործությունները, միջազգային հանրությունն ընդունեց, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը բավարար չափով չի սահմանում մարդու իրավունքների ամբողջական շրջանակը։ Այդ պատճառով անհրաժեշտ էր ստեղծել համընդհանուր փաստաթուղթ, որը կսահմանի յուրաքանչյուր մարդու իրավունքները։ Այդպես էլ ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը համարվում է ՄԱԿ-ի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը։

Մարդու իրավունքների օրվա պաշտոնական հաստատումը տեղի ունեցավ 1950 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Գլխավոր ասամբլեայի 317-րդ լիագումար նիստում, երբ ընդունվեց թիվ 423 բանաձեւը՝ բոլոր պետություններին եւ կազմակերպություններին հրավիրելով ամեն տարի նշել այս օրը։

Հռչակագիրը ընդունելու ժամանակ 48 պետություն քվեարկեց կողմ, ութը ձեռնպահ մնացին։ Փաստաթուղթը հռչակվեց որպես «բոլոր ժողովուրդների եւ ազգերի ձեռքբերումների ընդհանուր չափանիշ»։ Թեեւ այն պարտադիր իրավական ուժ չունի, այնուամենայնիվ դարձել է հիմք ավելի քան վաթսուն միջազգային փաստաթղթերի, որոնք այսօր միասին ձեւավորում են մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային ստանդարտը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով եւ համարվում է աշխարհում ամենաշատ թարգմանված պաշտոնական փաստաթուղթը։

Դեկտեմբերի 10-ին տարբեր երկրներում եւ կազմակերպություններում անցկացվում են միջոցառումներ, որոնց նպատակն է ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը եւ դրա կարեւորությունը ժամանակակից հասարակության համար։

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ամրագրված են նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Հայաստանում գործում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերի 21-ին։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԱԼԲԵՐՏԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ՝ ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Ալբերտ Արմենակյանը Թբիլիսիում է, որտեղ օրեր անց կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթը: Հայաստանի տասներկուամյա պատվիրակը արդեն կատարել է «Brave Heart»-ը եվրատեսիլյան մեծ բեմում:

Նրա առաջին բեմական փորձի լուսանկարները հրապարակվել են մրցույթի պաշտոնական կայքում: Գրում է BRAVO.am-ը:

Ալբերտի «Brave Heart»-ը YouTub-ում արդեն ունի 1,1 միլիոնից ավելի դիտում:

«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի Վրաստանի մայրաքաղաքում՝ դեկտեմբերի տասներեքին՝ «Միավորված երաժշտությամբ» խորագրով։

Հայաստանի պատվիրակ Ալբերտը ելույթ կունենա 5-րդը։

ԵՐԳՉՈՒՀԻ ՇԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ

79-ամյա փոփ լեգենդ Շերը պլանավորում է երրորդ անգամ ամուսնանալ: Page Six-ի տվյալներով՝ նրա սիրելին 39-ամյա երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր «Էյ» Էդվարդսն է։

Հարսանիքը կարող է տեղի ունենալ երգչուհու տարեդարձից առաջ: Ավելին՝ տոնակատարությունը, հավանաբար, կնկարահանվի եւ կներկայացվի աստղի կյանքի մասին առաջիկա վավերագրական սերիալում, որը մշակվում է Netflix-ի կողմից։

Հիշեցնենք, որ Շերի եւ Էդվարդսի սիրո պատմությունը սկսվել է 2022 թվականի նոյեմբերին: Զույգին առաջին անգամ միասին նկատել են Լոս Անջելեսում՝ ձեռք ձեռքի տված: Ընդամենը մի քանի օր անց երգչուհին հրապարակավ հաստատել է իրենց հարաբերությունները սոցիալական ցանցերում՝ իր հետեւորդներին ասելով, որ նրանց կարծիքները իր համար ոչինչ չեն նշանակում:

 

 

 

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՃԱՐ ԿԼԻՆԻ

Վրաստանում 2026 ուսումնական տարվանից պետական համալսարաններ ընդունվածներն ուսման վարձ չեն վճարելու. պետությունն ամբողջությամբ կստանձնի ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ճեպազրույցի ժամանակ։ «Մեր կառավարության օրոք նախադպրոցական ինչպես նաեւ ընդհանուր կրթությունը լիովին անվճար է, եւ դրան գումարվում է կրթության երրորդ մակարդակը՝ բարձրագույնը, որը նույնպես անվճար է դառնում։ Հաջորդ տարվանից եւ հաջորդող տարիներին կրթությունն անվճար կլինի պետական համալսարաններ ընդունված բոլոր ուսանողների համար։ Մեր առաջնահերթություններից է երիտասարդներին աջակցելն ու նրանց ֆինանսական վիճակի բարելավելը», – ասել է Կոբախիձեն։

 

 




Լրահոս