Armenian text to speach

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հեղափոխական շիշը եւ քաղաքական նոր երազանքները. Հայկ Սարգսյանի հորոսկոպը

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական շիշը» բռնելով հայտնի դարձած Հայկ Սարգսյանի համար ծանր տարի էր: Ներկուսակցական բախումներ, անվստահություն, Նիկոլ Փաշինյանի մոտ նախկին վստահության կորուստ, բիզնես հաջողություններ կասեցում կամ անվանափոխում: Կապիկի տարում ծնված Հայկ Սարգսյանը անցնող տարում կարողացավ մի բանի հասնել. հանրային ընկալում ձեւավորել, որ Փաշինյանի վստահելին չէ, ուստի կարող է նաեւ այլ թիմերում դիրքավորվել: Աստղերը հուշում են, որ 2026-ին առավել լուրջ դժվարություններ են առաջ գալու եւ Ալեն Սիմոնյանի դեմ սկսած ու կուսակցական նկատողություն ստանալով ավարտված ներկուսակցական պայքարը կշարունակվի, բայց առաջվա ազդեցությունը չկա: Տիգրան Ավինյանի դեմ եղբայրական արշավն էլ հաջողությամբ չի պսակվելու, եւ ո՛չ Հայկ Սարգսյանը, ո՛չ Նաիրի Սարգսյանը չեն կարողանալու դառնալ ՔՊ-ի Երեւանի քաղաքապետի հաջորդ թեկնածուն:

 

 

 

0.24 մգ թմրանյութի անցյալ, մշուշոտ ապագա. Արթուր Հովհաննիսյանի սատիրիկ թռիչքը.

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան

 

ՔՊ խմբակցության տխրահռչակ քարտուղար, 0.24 մգ դեղնականաչավուն անցյալով հայտնի Արթուր Հովհաննիսյանը արդեն զգում է, որ առաջվա ազդեցությունն ու պահանջարկը չի վայելում կուսակցության ներսում: Թմրամոլության թեման կրկնկակոխ հետեւում է Արթուր Հովհանիսյանին, որը 2025 թվականն ամփոոփում է ակնհայտ կորուստներով: Նախկինում վարձով բնակվողը աձնական բարեկեցության  հարցում, իհարկե, ունի «խարբերդյան» հաջողություններ, բայց ապագան մշուշոտ է: Աստղերը հուշում են թմրանյութերից հեռու մնալ, ականջ ու լեզու կտրելու սպառնալիքներն էլ հնչեցնելուց առաջ աշխատեցնել նաեւ ուղեղը՝ ոչ միայն լեզուն:

 

 

 

Շքեղ դաչա, Փոստի միլիոններ եւ մշուշոտ ապագա. 3 կուսակցություն փոխածի աստղագուշակը.

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան

 

Հարազատ քավորին դավաճանելու գնով իշխանական պատգամավորի մանդատ ստացած, հետո այդ մանդատը իր համար ապահոված Ալեն Սիմոնյանին դավաճանած ու նրա դեմ կուսակցական «գործ տալու» իմիջ ստեղծած Հայկ Կոնջորյանի համար անցնող տարին քաղաքական իմաստով նույն ծառայամտության շրջանակներում էր, սակայն անձնական կյանքում հաջողությունները հետեւում են մեկը մյուսին: Երկրի թիվ մեկ փոստատար ընկերության՝ «Հայփոստի» մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող նրա տնօրեն տիկինը ապահովում է ապագայի պայծառությունը: Նրանք արդեն ունեն շքեղ ամառանոց Առինջում՝ գնված շուկայականից էժան գնով:

Ճագարի տարում ծնված Հայկ Կոնջորյանը 2026 է մտնում մշուշոտ ապագաով, քանի որ նրա ճարտար լեզուն էլ չի օգնում. այնպիսի կանայք եւ տղաներ են արդեն հավաքվել ՔՊ-ի շուրջ, որ «Լուսավոր Հայաստանի» կողմից օգտագործված կոնջորյանական մեթոդները արդեն արդիական չեն: Իսկ մինչ այդ էլ ՀԺԱՄ կուսակցությունում իր կարիերան կառուցող Կոնջորյանը նաեւ ՔՊ-ում չունի առաջվա գնահատականը:

 

 

 

Կանեփից մինչեւ երկնաքերեր. Ավինյանի բիզնես թռիչքները.

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

 

Արտադրական կանեփի նախագծով հայտնի փոխվարչապետը, հիմա ամենահին մայրաքաղաք Երեւանի քաղաքապետն է, շարունակում է սրընթաց հարստանալ եւ հարստացնել մայրաքաղաքը անճոռնի բարձրահարկերով: Օձի տարում ծնված Տիգրան Ավինյանի համար անցնող տարին տուրբուլենտային էր. նախ սկսվեց անորոշությամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը խռովել էր եւ անգամ չէր բարեւում իրեն: Մի կերպ դա հարթեց, ապա սկսվեցին հրդեհներ, ծառահատումների խայտառակ օպերացիաներ… Ավինյանի հաղթարշավը, սակայն, շարունակվում է: Նա, սեղմելով իր դեմ բարձրացած ներկուսակցական բունտը, առաջ է գնում դեպի 2026: Դղյակներ, բիզնեներ, առանձնատներ, ահռելի մեծ թվով շոշափելի եւ օնլայն փողեր… Այս թեմաները եւս կրնկակոխ հետապնդում են Տիգրան Ավինյանին: Աստղերը հուշում են ձկներին գիտակցել, թե ինչ է չափը եւ ստոպ անելու հմտություններ սովորել: Քրեական բարքերով առաջ շարժվելը, քաղաքապետարանի աշխատանքի տարրական կառավարումը ձախողած, ամիսներով քաղաքացիների նամակներին չպատասխանող կառույցի ղեկավարումը 2026-ին շուռ կգա ՔՊ-ի դեմ՝ քվեների տեսքով:

 

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Անցնող տարում պայքարը մեծ էր Ձեր դեմ ե՛ւ իշխանության ե՛ւ ընդդիմության կողմից: Թեեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ համակարգային պայքար տանող եզակի անհատներից եք, բայց անհասկացվածությունը շարունակում է ուղեկցել Ձեզ: 2025-ը շարունակվող, թարմացվող եւ վերաթարմացվող քրեաիրավական տարի էր, որը խոստանում է առավել սրվել 2026-ին՝ ընտրություններին ընդառաջ: Թարմացրեք Ձեր թիմը, խմբագրեք ոչ միայն Ձեր խոսքերը, այլեւ մարդկանց, ում հետ ճանապարհ պիտի անցնեք: Աստղերը հուշում են, որ 2021-ի ընտրական սպասելիքները 2026-ին չեն արդարանա, բայց եւ հաջողություն կունենաք, եթե սթափությունը հաղթի ներթիմային խարդավանքներին, որոնք հյուսվում են թիմում տարեց դերակատարների կողմից: Ձիու  տարում ծնված քաղաքական գործիչների համար 2026-ը սպասումների եւ պոտենցիալ ձեռքբերումների տարի կլինի, եթե ճիշտ ձեւակերպվեն սպասելիքներն ու հանրային դաշտում քվե տվողի հետ աշխատանքը:

 

 

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան

 

Աքլորների համար նահանջ տարի էր. հիմնադիր նախագահի բարձունքն ու գիտնականի իմիջը Նիկոլ Փաշինյանի կնոջ կողմից մի գրառմամբ փորձ արվեց հողի հավասարեցնել: 2025-ը այդ իմաստով տհաճ անակնկալների, իշխանական թիրախավորումների եւ անպտուղ գործունեության տարի կարելի է համարել: 2026-ին ընդառաջ անհրաժեշտ է փոխել հռետորաբանությունը, թիմում նոր, թարմ դեմքեր ներգրավել, ճիշտ մարդկանց հետ բանակցել ու համագործակցության պլաններ կազմել: Աստղերը հուշում են, որ խոշոր եւ կարող ուժերի հետ միավորվել, ներդնել ձեր մտավոր բացառիկ պոտենցիալը, որպեսզի քաղաքական լուսանցքում չհայտնվեք:

 

 

 

Նահանջ տարվա ավարտին՝ նոր աստղաբույլի որոնում. Սերժ Սարգսյանի աստղագուշակը.

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

8 տարի առաջ ունեցած կարգավիճակը հիմա շատ բան է փոխել ձեր կյանքում ինչպես առօրեական, այնպես էլ շրջապատող աստղաբույլի իմաստով: 2025-ը նահանջ տարի էր Ձեզ համար. թիմակիցների շարունակ կորուստներ, քաղաքական անհասկացվածություն, բայց ադեկվատ հանրույթի կողմից՝ նոստալգիա եւ համեմատություններ, որոնք խոսում են միայն Ձեր օգտին: Աստղերը հուշում են քաղաքական դիրքորոշում ձեւավորել, թիմին ուղղորդել իրատեսական պլանների հետեւից, այլ ոչ թե տարբեր ՔԿՀ-ներ: 2026-ը այս իմաստով կարող է նոր իմպուլս հաղորդել, եթե անցնող տարիների իշխանական եւ ընդդիմադիր սխալներից հետեւություններ անեք:

 

 

 

 

 

Բարեկեցությունից՝ բարիկադներ.  ձիու տարում ծնված առաջնորդի փորձությունը.

Մեր ձեւով շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյան

Կյանքի բերումով քաղաքական գործիչ դարձած Նարեկ Կարապետյանի համար 2025-ը շոկային տարի էր: Բարեկեցիկ կյանքը, վայելքները, բարիք ստեղծելու ամենօրյա ջանքերը փոխարինվեցին դաժան պայքարի՝ լինելիության, շրջապատի պահպանության, թասիբի, նամուսի եւ այլ արժեքների պահպանման համար մարտահրավերային: Աստղերը հուշում են շատ կարդալ քաղաքական գրքեր այս ընթացքում, շփվել տարբեր հայացքներ ու մտածողություն ունեցող քաղաքական գործիչների հետ, սերտել նրանց լավագույն փորձը՝ 2026-ի մարտահրավերներին դիմակայելու համար: Այսօրվա շրջապատը այդ իմաստով խոստումնալից չէ. կատարողների փոխարեն նախաձեռնող թիմակիցներ փնտրեք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման սխալները չկրկնեք: Ձիու տարում ծնված հանպատրաստի առաջնորդների համար մյուս տարին կարող է բարեբեր լինել, եթե իշխանական սադրանքներին չտրվեք եւ փորձառու կերպարներով շրջապատվեք: Միշտ չէ, որ փողը հարց կարող է լուծել:

 

 

 

 

Բարեգործությունից դեպի պատժամիջոց. փողը միշտ չէ, որ հարց է լուծում.  2026-ի աստղագուշակ

Սամվել Կարապետյան – «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ, ազգային բարերար

 

Հայաստանում՝ միայն կառուցած, բարիք ստեղծած, Արցախում բարեգործություն իրականացրած մեծ հայ, որը իր արտաբերած 1 նախադասության համար բանտում է մոտ  5 ամիս: 2025 թվականը ռուսաստաբնակ բարերար Սամվել Կարապետյանի համար գլխիվայր շրջված իրականության տարի էր. մոսկովյան ու հայկական ընտանեկան ջերմությամբ ողջ աշխարհում ազատ շրջող գործարարը հանդգնեց կանգնել Հայ առաքելական եկեղեցու կողքին եւ հայտնվեց ԱԱԾ մեկուսարանում՝ կտրված աշխարհի իրականությունից: Սա նշանակում է, որ կա՛մ ինչ որ հաշվարկներ ճիշտ չէին արվել, կա՛մ նրան ձեռնտու էր կալանավայրում հիմա հայտնվելը, քանի որ անհնար էր պատկերացնել, որ միապետություն դարձած Հայաստանում կարող է որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքներին հակառակվել եւ մնալ անպատիժ: Այս առումով 2025 թվականին գործած սխալներից հետեւություններ անելու տարի պետք է լինի 2026-ը: Աստղերը Առյուծ Սամվել Կարապետյանին հուշում են լինել առավել շրջահայաց, ուղիներ որոնել՝ դուրս գալու կանալավայրից եւ մասնակցելու կայանալիք ընտրություններին՝ անձամբ զբաղվելով կազմակերպչական հարցերով: Հարուստ լինելը, միլիարդատեր դառնալն ու մնալը դեռ քաղաքականության մեջ հաջողության հասնելու գրավական չեն, քանի դեռ չկան պրոֆեսիոնալ թիմակիցներ կողքիդ: Օձի տարում ծնված հայ բարերարների համար 2026-ը կարող է շրջադարձային լինել, եթե ճիշտ հաշվարկ արվի եւ ճիշտ դերակատարներ ընտրվեն՝ համագործակցելու եւ փոխհարաբերվելու համար:

 

 

 

Իրավունքներից դեպի քվեներ. բարդ անցում. Թաթոյանի աստղագուշակը

ՀՀ Մարդու իրավունքների նախին պաշտպան Արման Թաթոյան

Ընդդիմադիր գործիչ, որը չի հասկացվում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության կողմից: Նախկին եւ ներկա իշխանություններին թիրախավորելուց զատ՝ 2025 թվականին Դուք աչի եք ընկել ստվերային կառուցակարգերի ձեւավորմամբ եւ շանս ունեք հաջողությունների, եթե խոշորանաք, միավորվեք առավել կարող ուժերի հետ, որոնք կարող են ձայներ հավաքել, ընտրատեղամասում ձայներ պահել: Աստղերը հուշում են ամբիցիաները մի կողմ դնել, առաջնորդվել իրատեսական հաշվարկներով եւ հնարավորություններով: Աղեղնավոր նախկին օմբուդսմենների համար 2026-ը կարող է բարենորոգ տարի լինել, եթե եսակենտրոնությունն իր տեղը զիջի պրագմատիզմին:

 

 

2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ:

 




Լրահոս