Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրության ընթացքում վարույթ է հարուցել ՀՀ վարչխպետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանի նկատմամբ անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ, ապա եզրակացրել որ նման խախտումները բացակայում են։
ArmLur.am-ը տեղեկանում է, որ Հանձնաժողովն ուսումնասիրել է Վահրամ Դումանյանի 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը և պարզել՝
Հայտարարագրի «Բ.3.1. Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում Վահրամ Դումանյանը հայտարարագրել է իր՝ 2010 թվականի փետրվարի 5-ին ձեռք բերված բաժնեմասը «Երևան քիմիա-դեղագործական» ԲԲԸ-ում։ Նույն տեղեկատվությունը Դումանյանը հայտարարագրել է 2021 և 2022 թվականների տարեկան և պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերում։
Ըստ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանի և Վահրամ Դումանյանի՝ 2024 թվականի տարեկան հայտարարագրի տվյալների՝ Վահրամ Դումանյանը «Երևան քիմիա-դեղագործական» ԲԲԸ-ից 2024 թվականի ընթացքում եկամուտներ չի ստացել։
Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Երևան քիմիա-դեղագործական» ԲԲԸ-ն համագործակցում է ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի հետ, առցանց վաճառքի կայքերում ունի ներկայացվածություն, արտադրանքի 70%-ն արտահանում է Ռուսաստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Վրաստան և այլ երկրներ։
2021 թվականի տարեկան և 2022 թվականի պաշտոնեական պարտականությունների դադարեցման հայտարարագրերում Վահրամ Դումանյանը հայտարարագրել է «Երևան քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ում իս 1.1539% բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ։ Ըստ այդմ՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ից 3 տարի ժամկետով բաժնեմասը հանձնվել է հավատարմագրային կառավարման Վահրամ Դումանյանի դստերը՝ Սոնա Դումանյանին։
Հանձնաժոծովը հարցում է ուղարկել Վահրամ Դումանյանի՝ առևտրային կազմակերպությունում իր ունեցած բաժնեմասերի հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ։
Վահրամ Դումանյանը ներկայացրել է պարզաբանում։
Հանձնաժողովը հարցում է կատարել նաև Պետական եկամուտների կոմիտե, ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Հանձնաժողովը պարզել է, որ էական է «Երևան քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ի և ՀՀ վարչապետի խորհրդականի գործունեության ոլորտային կապի բացահայտումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն կարող է վկայել որլորտային շահերի բախման ռիսկի առկայության մասին։
«Երևան քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ը գործունեություն է իրականացնում «Դեղագործական պատրաստուկների և նյութերի արտադրության» ոլորտում, իսկ ՀՀ վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանին վերապահված է հանրակրթության մեջ աշակերտների և ուսուցիչների համար արհեստական բանականության գործիքների ներդրման միջազգարին փորձի ուսումնասիրության, վերլուծության, զարգացման միտումների կանխատեսումը, տեղական մակարդակում առկա հիմնահարցերի վերհանումը և դրանց լուծումը, ինչպես նաև միջազգային փորձի ներդրման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը։
Այսպիսով, Վահրամ Դումանյանի աշխատանքային պարտականությունների և Ընկերության իրականացրած գործունեության միջև չկա որևէ գործառութային կապ։
Արդյունքում Հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀՀ վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանի կողմից չեն խախտվել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։
Էմմա Միքայելյան





























