ՀՀ-ում 2025 թ․-ի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2026թ. փետրվարի 13-ը ներառյալ։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստի ժամանակ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ:
Այսպիսով, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 2025թ. ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։





























